«Մենք այնքան հարուստ չենք, որ ձեռք բերենք էժան եւ անորակ գույք». Սոնա Տռուզյան

Նախորդ շաբաթ Իրավաբան.netը հայտնել էր, որ կառավարության որոշմամբ ՀՀ քննչական կոմիտեին (ՔԿ) 2 ավտոմեքենա գնելու համար հատկացվել է 36.5 միլիոն դրամ (76 հազար դոլար): Համաձայն հիշյալ որոշման` կառավարությունը թույլատրել է Քննչական կոմիտեին 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2 հատ տրանսպորտային միջոց: Դրանցից մեկի արժեքը կլինի 21.8 միլիոն դրամ, և կունենա 3,5 լիտր շարժիչի ծավալ, իսկ մյուս ավտոմեքենան կարժենա 14.7 միլիոն դրամ և կունենա 2,5 լիտր շարժիչի ծավալ:

Մինչև հաստատվելը որոշման նախագծի հիմնավորում ներկայացված էր հետևյալը. «ՀՀ  քննչական կոմիտեի աշխատանքային առանձնահատկություններից ելնելով անհրաժեշտություն է առաջացել 2015 թվականի պետական բյուջեով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացված գումարի սահմաններում ձեռք բերել 2008 թվականի հուլիսի 24-ի 830-Ն որոշման չափորոշիչներից և գնից տարբերվող երկու հատ հատուկ նշանակության տրանսպորտային միջոց»:

 Իրավաբան.netի այն հարցին, թե որն է եղել այդ անհրաժեշտությունը, Քննչական կոմիտեի նախագահի խորհդական Սոնա Տռուզյան պատասխանեց, որ մեքենաները ձեռք բերելիս հաշվի է առնվում այն, որ գործի բերումով այցելություններ են լինում հանրապետության հեռավոր մարզեր, հետևաբար, մեքենաները պետք է լինեն դիմացկուն և որակյալ. «Մենք այնքան հարուստ չենք, որ մեզ թույլ տանք ձեռք բերել էժան եւ անորակ գույք»:

Ս. Տռուզյանը հավելեց նաև, որ ավտոմեքենաներ ձեռք բերելու համար կոմիտեին հատկացված միջոցների շրջանակներում կառավարությանը խնդրել են հնարավորություն տալ ձեռք բերել ավելի որակյալ ավտոմեքենաներ, լրացուցիչ գումար հատկացնելու հարց չի բարձրացվել:

Նա նաև նշեց, որ մինչ օրս ՔԿ նախագահը ծառայողական մեքենա չունի և հատկացված գումարով մեքենաներից մեկը սպասարկելու է նրան:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ