«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատի կողմից ընդունված վճռի առանցքային գաղափարն այն էր, որ չկա գլոբալ կոնսեսուս Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իրավաբան.net-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց, որ հենց գլոբալ կոնսեսուսի ձևավորման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի տարբեր պետությունների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը:
Նրա խոսքով, երբ Եվադատարանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշում ընդունեց, Ցեղասպանությունը ճանաչել էր մոտ 20 պետություն, ընդ որում` որոշների դեպքում ոչ թե պետությունը, այլ պառլամենտն էր ընդունել կամ պառլամենտի մի պալատը: Եվ Եվրադատարանն իր որոշման մեջ այն գաղափարն էր դրել, որ չկա գլոբալ կոնսեսուս, թե 1915 թվականի դեպքերը կոտորածներն էին, տեղահանություններ, թե` ցեղասպանություն:
«Այժմ էական փոփոխություններ կան. անցել է մեկուկես տարի այդ գործով վճռից և այդ ընթացքում պետությունները մեկը մեկի հետևից ընդունում են որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն են, և կոտորածները ազգին ոչնչացնելու դիտավորություն են ունեցել»,- ասաց Ա. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9¬ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի` շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:
Սակայն ՄԻԵԴ ստորին պալատի վճիռը բողոքարկվել է և գործը քննվել է ՄԻԵԴ մեծ պալատի կողմից, և առաջիկայում սպասվում է վճռի հրապարակումը:
Եվ ահա այժմ ՄԻԵԴ Մեծ պալատը վճիռ կայացնելիս կգնահատի, թե որքանով է ձևավորված գլոբալ կոնսեսուսը այս հարցի վերաբերյալ: