ՃՈ տեսուչը վարորդին տուգանել էր ամրագոտին չկապելու համար. վարորդը բողոքարկել է որոշումը

Դավիթ Մինասյանի մեքենան կանգնեցնելուց հետո Ճանապարհային ոստիկանության տեսուչը բանավոր հայտարարել է, որ նա մեքենան վարել է անվտանգության գոտիները չամրակապած։ Վարորդի այն հարցին, թե նշված հանգամանքն ի՞նչ ապացույցով է հաստատվում, տեսուչը պատասխանել է, որ որևէ ապացույց չի կարող ներկայացնել և հիմնվում է իր տեսածի վրա։

Տուգանքը նշանակվել է, վարորդը դեմ է եղել, նա որոշումը բողոքարկել է՝ պնդելով, որ վարչական մարմինը նշված հանգամանքները պետք է ապացուցեր նաև վարչական վարույթի ընքացքում, որը չի կատարել։

Պատասխանողի, այսինքն՝ ՃՈ-ի ներկայացուցիչը դատական նիստի ընթացքում պնդել է, որ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն իրավաչափ է «ընդունվել է ճիշտ վարչարարության արդյունքում, ակտով արձանագրված խախտումն առկա է»: Նա խնդրել է հայցը մերժել։

Վարչական դատարանը դատաքննությամբ պարզված և հաստատված է համարել, որ Դավիթ Մինասյանը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց և բացատրություն տալուց, ինչի մասին արձանագրության մեջ տեսուչի կողմից կատարվել է համապատասխան գրառում.
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կայացվել է համապատասխան որոշումը, որով Դավիթ Մինասյանը ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 5000 դրամ գումարի չափով։

Վարչական դատարանը նշել է, որ «եթե վարորդը, իրացնելով վերը նշված հոդվածով սահմանված իր իրավունքները արձանագրության մեջ կատարեր գրառում այն մասին, որ ինքը խախտումը թույլ չի տվել, այնինչ վերջինս ցուցաբերել է անգործություն և հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց։

Միայն այս հանգամանքը հաշվի առնելով, դատարանը՝ դատավոր Ռուզաննա Հակոբյանի նախագահությամբ, վճռել է մերժել հայցը՝ եզրակացնելով, որ կողմերի ներկայացրած մյուս փաստարկները նշանակություն չունեն գործի լուծման համար, ուստի դրանց գնահատման անհրաժեշտությունը բացակայում է։

Վարորդը կանգ չի առել և վճիռը բողոքարկել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որն էլ գտել է, որ բողոքով ներկայացված պահանջը ենթակա է բավարարման:

Օրենսգրքից հղումներ անելով դատարանը եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանի պնդումը, թե Դավիթ Մինասյանը տուգանքը կազմելիս բացատրություն չի տվել և չի վիճարկել իր կողմից խախտում թույլ չտալու հանգամանքը, անհիմն է, քանի որ ինչպես հայցադիմումում, այնպես էլ վերաքննիչ բողոքում Դավիթ Մինասյանի կողմից հայտնվել է հետևյալը. «…հրաժարվել եմ ստորագրել և ստանալ արձանագրության և որոշման օրինակները« քանի որ գտել եմ« որ չեմ կատարել ՎԻՎ օրենսգրքով սահմանված որևէ իրավախախտում»։

Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից գրառում չկատարելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ վերջինիս զանցառու դիտարկելու և վարչական իրավախախտման առկայությունն արձանագրելու համար, դրանով իսկ սահմանափակելով անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը։

Վերաքննիչ դատարանը նաև շեշտել է, որ վարչական իրավախախտումը կատարված լինելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որը պարտավոր է ապահովել գործի փաuտական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մաuնակիցների oգտին առկա հանգամանքները, պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատաuխանատվության։

Վերջում Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքը հիմնավոր է և ենթակա բավարարման, տուգանքն անվավեր է ճանաչվել:

Ծանուցում: Հայցվորի անունը փոփոխված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել