Ֆրանսիացի կնոջը Հայաստան էր բերել և սպանել

Ապրիլի 15-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ՀՀ-ում Ինտրեպոլի ԱԿԲ համատեղ օպերատիվ խումբը Կասաբլանկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Մարոկոյի թագավորությունից Հայաստան է տեղափոխել 1967 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի մեղադրանքով: Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

2011 թվականի դեկտեմբերի 12-ին Գևորգ Խաչատրյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեյին սպանելու մտադրությամբ, Կասբլանկա-Փարիզ-Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն, սպանել էր Հարլեյին, հափշտակել նրա բանկային քարտերը ու 2012 թ. հունվարի 19-ին վերադարձել Մարոկո: Բնակություն հաստատելով Մոնիկ Հարլեյի՝ Մարակեշ քաղաքում գտնվող առանձնատանը՝ Խաչատրյանը փորձել էր նրա ֆինանսական ակտիվների փոխանցում կատարել համացանցի միջոցով, սակայն մարտի 23-ին ձերբակալվել էր Մարոկոյի ոստիկանության կողմից՝ մեղադրվելով խարդախության մեջ:

2012 թ. հոկտեմբերի 9-ին փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից հարուցվել էր քրեական գործ և ուղարկվել Վաղարշապատի քննչական բաժանմունք՝ նախաքննության:
Գևորգ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել էր միջպետական և միջազգային հետախուզում: Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել էին անհետաձգելի և անհրաժեշտ ստուգումներ ու միջոցառումներ, որոնց արդյունքներով պարզվել էր, որ նա Մարոկոյում կալանքի տակ է:

Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գևորգ Խաչատրյանը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել