Հանրապետությունում սպանության դեպքերն աճել են. Հունան Պողոսյան

Այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների կողմից 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նա, համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ցուցանիշների հետ, նշեց, որ 2015թ վերջին եռամսյակում ունենք կայուն օպերատիվ վիճակ՝ գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակի նվազում՝ 665 դեպքով կամ 13.5 % տոկոսով:

Ըստ ոստիկանության պետի առաջին տեղակալի՝ 95-ով նվազել է նաև ծանր հանցագործությունների թիվը, փոխարենը աճել են առանձնապես ծանր հանցագործություները՝ նախորդ տարի 35 դեպք, այս տարի՝ 53:

Առանձին ուղղություններով նվազել են գողությունների՝ այդ թվում՝ նաև բնակարանային գողությունների, ավազակային հարձակումների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը:

Աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և մահվան ելքով վթարների դեպքերում:

Հայտնաբերվել է զենքի ապօրինի շրջանառության 193 դեպք, առգրավվել և բացատրական աշխատանքների միջոցով կամավոր ներկայացվել է 270 միավոր հրազեն:

Որպես դրական միտում նա նշեց անչափահասների և նախկինում դատված անձանց կողմից կատարած հանցագործությունների թվի նվազումը:

Լիլիթ Շաբոյան

Լուսանկարը՝ Police.am
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել