ՀՀ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» և ՀՅԴ խմբակցությունների անդամներ Ստեփան Մարգարյանը, Միքայել Մելքումյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Լևոն Դոխոլյանը և Արծվիկ Մինասյանը ապրիլի 14-ին հանդիպել են աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի /GRECO/ անդամներ Միքայել Յանսենի, Ֆրանկ Ռաուի, Դիանա Կուրպնիեչեի, Դրաժեն Յելենիչի և Տիբոր Կատոնայի հետ:
ԱԺ-ից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խումբն ստեղծվել է 1999 թվականի մայիսի 1-ին՝ որպես ԵԽ բաց մասնակի համաձայնագիր: Ներկայում խմբի անդամ է 49 երկիր՝ ԵԽ անդամ բոլոր երկրները և ԱՄՆ-ը: Հայաստանը խմբին միացել է 2004 թվականի հունվարի 20-ից:
Ինչպես տեղեկացրել են խմբի անդամները, գնահատման զեկույցների միջոցով GRECO-ն ներկայացնում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա թերությունները և երկրներին ուղղված խորհրդատվությունների միջոցով կատարում է օրենսդրական, կառուցվածքային և գործնական փոփոխություններ կատարելու առաջարկներ: Այս ընթացքում Հայաստանը, ինչպես նաև անդամ բոլոր երկրները, արդեն երեք անգամ գնահատվել է: Մասնավորապես, GRECO-ի այս խումբն ստեղծվել է 2012 թվականին, որպեսզի մոնիթորինգի ենթարկի պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում առկա կոռուպցիան:
ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Օրինաց երկիր» և ՀՅԴ խմբակցությունների անդամները, կարևորելով խմբի գործունեությունը, նրան են ներկայացրել վերոնշյալ ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումներն ու խնդիրները, մենաշնորհները, պարզել կոռուպցիայի դեմ պայքարի իրենց մոտեցումները և նշել այն պատճառները, որոնք սկզբնավորում են կոռուպցիան այդ ոլորտներում:
Պատգամավորներն անդրադարձել են նաև ՀՀ օրենսդրությանը, խոսել վարչարարության թերություններից և ընտրակեղծիքներից: Բացառությամբ ՀԱԿ ներկայացուցչի, պատգամավորները խնդրի կարգավորումը տեսնում են համակարգային փոփոխությունների իրականացմամբ և ամբողջական: Ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաև սահմանադրական բարեփոխումներից և ամիսներ առաջ ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովից, կարևորել կոռուպցիայի դեմ ամբողջական պայքարն ու քաղաքական կամքի առկայությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներին ու լիազորություններին. պատգամավորները, մասնավորապես, կարևորել են այդ հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը և Էլինար Վարդանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի խմբի (GRECO) պատվիրակության անդամների հետ:
GRECO-ի պատվիրակության անդամները հետաքրքվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներով:
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները նշել են, որ եկամուտների հայտարարագրման համակարգը ընդհանուր առմամբ կայացած է. պաշտոնյաներն իրենց ունեցվածքը հայտարարագրում են և այն հասանելի է դառնում հանրությանը: Սակայն իրավական առումով կան որոշակի ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ արժանահավատ չեն: Նրանք տեղեկացրել են, որ էթիկայի հարցերի հանձնաժողովը Հայաստանում բաժանված է երկու մասի. կա ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողով և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նրանց փոխանցմամբ` բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել իրենց եկամուտները, գույքն ու ունեցվածքը, իսկ օրենսդրական գործունեության առումով, եթե ցանկացած օրենքի նկատմամբ կա շահերի բախում, ապա այդ մասին պետք է հայտարարագրի պատգամավորը: Պատգամավորները նշել են նաև, որ եթե հայտարարագիրը լրացված է սխալ կամ այնտեղ կան անճշտություններ, ապա հանձնաժողովի մեկ անդամ դիմում է տվյալ բարձրաստիճան անձին, որպեսզի լրացվի անճշտությունը, իսկ եթե սխալն ակնհայտ է, ապա հարուցվում է վարույթ: Հանձնաժողովների նախագահները նշել են նաև, որ պատժամիջոցների մասով հստակ մեխանիզմներ չկան. հանձնաժողովը ստուգում է, թե տեխնիկապես ինչպես է լրացված այդ հայտարարագիրը և որտեղից են առաջացել այդ եկամուտները: Իսկ հետաքննություն կատարելու և պատժամիջոցներ կիրառելու համար հանձնաժողովը չունի համապատասխան գործիքներ, ինչն էլ դառնում է լրատվամիջոցների քննարկման առարկա:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև խորհրդարանական լսումներ կազմակերպելու, դրանց իրականացման ընթացակարգի և արդյունքների մասին: Հանձնաժողովների նախագահները նշել են, որ լսումների թեմա կարող են լինել առավել հետաքրքրություն ներկայացնող և խոցելի խնդիրները: Լսումները բաց են հանրության համար. դրանց մասնակցում են լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, մասնագիտական, գիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակ քաղաքացիները, որոնք նաև տվյալ օրենքների շահառուներն են:
Անդրադարձ է կատարվել նաև կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումների կազմակերպմանը և կառավարություն-դատական իշխանություն հարաբերություններին:
ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հետ հանդիպել նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Հրայր Թովմասյանն անդրադարձել է GRECO-ի նախորդ զեկույցին, որում դրական էր գնահատվել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքը: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ մեր երկրում անելիքները շատ են, սակայն որոշակի ոլորտներում նկատվում է բացահայտ առաջընթաց:
Խմբի անդամները Հրայր Թովմասյանի հետ քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին նորընտիր պատգամավորների գործունեությանը, պատգամավորների վարձատրության չափին, գործուղումների օրապահիկին և այլն:
Պարոն Թովմասյանը մանրամասն պատասխանել է ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի խմբի անդամների հարցերին:
Պատվիրակության հետ հանդիպել են նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանը, Արտակ Դավթյանը և Նաիրա Կարապետյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կոռուպցիայի կանխարգելման արդյունավետության ապահովման մեխանիզմներին, այս հարցում իրավապահ համակարգի գործունեությանը, ոլորտի բացթողումներին: Հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման հարցում կարևորվել է բյուջետային գրասենյակի հիմնումը: Գրասենյակն ուսումնասիրելու է բյուջետային գործընթացը, դրա վերաբերյալ անաչառ տեղեկատվություն է տրամադրելու խորհրդարանին՝ հանրությանն առավել հասանելի դարձնելով բյուջետային ծախսերը՝ նպաստելով խորհրդարանի կողմից կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Ներկայացվել են Հայաստանում ընտրական գործընթացները, ընտրական հանձնաժողովների կազմման առանձնահատկությունները, վստահված անձանց իրավունքները: Նշվել է, որ խորհրդարանական և նախագահական վերջին ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ էականորեն բարելավվել են, ինչի մասին խոսել են նաև միջազգային դիտորդները: Նշելով, որ ոլորտում դեռևս կան անելիքներ՝ խմբակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ սահմանադրական բարեփոխումները և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Կողմերն անդրադարձել են նաև ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած եկամուտների հայտարարագրին, դատական իշխանության բյուջետային գործընթացի կազմակերպմանը, դատական համակարգի ֆինանսավորման անկախությանը և այլ հարցերի: