18-ամյա աղջկան ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել

Ռումինիայի բնակիչներ՝ 31-ամյա Մարիուս Կիուբոտարիուն և նրա 26 ամյա կինը՝ Անդրեա Կիուբոտարիուն, ճաղերի ետևում են հայտնվել թրաֆիքինգով զբաղվելու համար: Բանն այն է, որ վերջիններս 18-ամյա աղջկան, Մեծ Բրիտանիայում որպես դայակ աշխատելու սուտ խոստումներ են տվել և ստիպել նրան մարմնավաճառությամբ զբաղվել: Այս մասին գրում է անգլիական The Independent պարբերականը:

Անդրեան 18-ամյա աղջկան հանդիպել է 2013 թվականի ամռանը՝ Ռումինիա կատարած այցի ժամանակ և նրան դայակի աշխատանք առաջարկել: Արդեն ամիսներ անց, երբ աղջիկը ընդունել է աշխատանքի առաջարկը, Անդրեան զբաղվել է աղջկա՝ Լոնդոն տեղափոխվելու հարցերով: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, աղջիկը Քուինսբերի է ժամանել: Մարիուսը դիմավորել է նրան և հայտնել, որ վերջինս պետք է մարմնավաճառությամբ զբաղվի: Նա նաև զգուշացրել է, որ իրենք տեղի ոստիկանների հետ են համագործակցում, հետևաբար ոստիկանության դիմելը պարզապես անիմաստ է:

2014 թվականին, 18-ամյա աղջիկը ստիպված է եղել Լոնդոնի տարբեր հասարակաց տներում աշխատել: Այնուամենայնիվ, նրան հաջողվել է Facebook սոցիալական ցանցի միջոցով կապ հաստատել հորեղբոր հետ, ով դիմել է Լոնդոնում բնակվող իր ընկերներից մեկին: Տղամարդուն հաջողվել է գտնել աղջկան և նրան ապաստան տալ:

Աղջիկը դիմել է ոստիկանություն:

Օրեր անց ամուսինները ձերբակալվել են: Ուրբաթ օրը, ապրիլի 10-ին Մարիուս Կիուբոտարիուն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքներով: Անդրեա Կիուբոտարիուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

Պատրաստեց Լիլիթ Գասպարյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել