Ինչո՞ւ է անարդյունավետ գործում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովը ըստ մասնագետի

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ կապված առաջին խնդիրը՝ օրենսդրական թերություններն են. «Նմանաբնույթ հանձնաժողովներին Հայաստանում չեն տրվում բավարար իրավասություններ, որպեսզի նրանք հետամուտ լինեն գործերին և ստուգումներ անեն»,- նշեց մեր զրուցակիցը՝ ամենամեծ խնդիրը համարելով հետևյալ իրողությունը. «Հանրային ծառայության մասին օրենքում շահերի բախումը այնպես է սահմանված, որ հատուկ բացթողումներ են առկա և ոչ մի գործունեության ոլորտ դրա տակ չի մտնում»:

mqdefaultՆշենք, որ օրենքի 30-րդ հոդվածը բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախումը սահմանում է հետևյալ կերպ. «Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։

Այս առնչությամբ տիկին Այվազյանն ասաց. «Շահերի բախումն ընկալվում է որպես թվացյալ շահերի բախում, բայց փաստացի՝ պետք է շահերի բախման իրավիճակում պաշտոնյան որոշում կայացնի, որն էլ հանգեցնի հարստացման, նոր այն կդիտվի որպես շահերի բախում, ինչը երբեք չի լինի: Այսինքն՝ օրենքի սահմանման համաձայն շահերի բախում բացահայտել հնարավոր չի, իսկ այս մասով կաշկանդված է հանձնաժողովը»,- նշեց մեր զրուցակիցը՝ ամփոփելով, որ այս բացի հետևանքով ակնկալիքներ չունի, որ հանձնաժողովն արդյունավետ կարող է գործել:

Նյութում օգտագործված լուսանկարը՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ