Կողմ եմ, որ Քրեական օրենսգրքում լինի առանձին հոդված ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին. Հայկուհի Հարությունյան

Կառավարության որոշմամբ փետրվարի 19-ին ստեղծվեց հակակոռուպցիոն խորհուրդ, որի արդյունավետ գործունեությանը թերահավատորեն են մոտենում թե քաղաքացիական հասարակության, թե քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից միայն ԲՀԿ-ն է համաձայնել անդամակցել խորհրդին: Այս կառույցի, Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության և   Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:

 -Ըստ Ձեզ, նորաստեղծ հակակոռուպցիոն խորհուրդը կկարողանա արդյունավետ պայքար մղել Հայաստանում արմատացած կոռուպցիայի դեմ:

-Նախ ասեմ, որ բավականին երկար քննարկումներ էին լինում այն մասին, թե արդյո՞ք դա ամենաճիշտ մոդելն է, որով մենք կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել: Ի վերջո կանգ առան խորհրդի գաղափարի վրա: Այս խորհուրդը մարդկանց էն խումբն է, որը պետք է վերահսկողություն ապահովի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման նկատմամբ, երբ գերատեչությունները կներկայացնեն իրենց կողմից կատարված աշխատանքները, կստուգի դրանք և կհաստատի: Մեծ ակնկալիք, թե խորհուրդը հեղաշրջում է կատարելու կոռուպցիայի դեմ պայքարում, իսկզբանե չկա:

Մտահոգող հարց է նախ այդ խորհրդի կազմը: Տեսեք, հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակվել է հիմնականում արդարադատության նախարարության կողմից, այնուհետև ուղարկվել կառավարություն` հաստատման: Եվ ստացվում է, որ այդ նույն մարդիկ, ովքեր զբաղվել են հակակոռուպցիոն ռազմավարության ստեղծմամբ, ներգրավված են այն նույն մարմնի կազմում, որը պետք է ստուգի, թե արդյո՞ք այդ ռազմավարության այս կամ այն դրույթը լա՞վ է կատարվել, արդյունքները գոհացուցի՞չ են, թե` ոչ: Կարո՞ղ է տվյալ գերատեսչության շահը ներկայացնող անձը ստուգել այդ գերատեսչության կատարած աշխատանքը, եթե նույնիսկ դիտարկենք այն իդեալական տարբերակը, որ նա ցանկանում է ազնիվ աշխատել, խախտումներ բացահայտել: Բնականաբար, չկա այդ վստահությունը:

-Կազմի հետ կապված բարձրաձայնվում է նաև այն, որ քաղաքացիական հասարակություն ներկայացվածությունը բավականին քիչ է, ի՞նչ կասեք այս մասին:

-Այդքան  պայքարից հետո թողեցին այն դրույթը, որի համաձայն, երկու հասարակական կազմակերպության ներկայացուցչի ներգրավվածաւթյուն է ապահովվում: Ներգրավման կարգը ռոտացիոն սկզբունքով է լինելու, կլինի հասարակական կազմակերպությունների ցանկ, որոնք հերթով կփոխվեն: Այստեղ մտահոգիչ է հետևյալը. ենթադրենք մեկ տարի տվյալ ՀԿ-ն դիտարկումն արեց, և հենց եկավ գնահատման պահը, նրան ռոտացիայով փոխարինեց մեկ այլ ՀԿ, որը բավարար ինֆորմացիա չունի կատարված աշխատանքների մասին և անհայտ է, թե ինչպես կգնահատի: Մյուս կողմից, անհայտ է, թե ոնց են ընտրվել ՀԿ-ները, արդյո՞ք այդ քանակը ողջամիտ է, ապահովու՞մ  է բազմազանությունը. նույնիսկ ոլորտային չեն ընտրել այդ ՀԿ-ներին, օրինակ, 4 ոլորտների գծով կոմպետենտ ՀԿ-ներ (Նշենք, որ  ներկայումս հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման համար ընտրվել են թիրախային 4 ոլորտներ`  կրթություն,  առողջապահություն,  պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով,- հեղ.):  Խորհրդի կազմը, լիազորությունները վերջնական արդյունքների հետ կապված  թերահավատ լինելու տեղիք է տալիս:

-Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու քայլերից մեկը ապօրինի հարստացումը քրեականացնելն է, կո՞ղմ կլինեք նման օրենսդրական նախաձեռնությանը: 

-Կողմ եմ, որ Քրեական օրենսգրքում լինի առանձին հոդված, սակայն ես կարծում եմ, որ մեր գործող օրենսդրությամբ էլ հնարավոր է բացահայտել ապօրինի հարստացումը: Պաշտոնյաների հրապարակվող այդ հայտարարագրերից երևում են, որ մարդու տարեկան աշխատավարձի գումարը կրկնակի պակաս է նրա եկամուտից, հարց` որտեղի՞ց ձեռք բերեց այդ  ունեցվածքը: Պարտադիր չէ, որ հենց այդպես ձևակերպված հոդված լինի օրենսգրքում, որ դատախազությունը քայլեր ձեռնարկի, կարելի է փորձ անել կիրառել գործող օրենսգրքի նորմերը: Իհարկե, դա էլ կարող է բերել նրան, որ պարզապես փորձ անեն թաքցնել իրենց եկամուտները: Այնուամենայնիվ, եթե չլինի պատրաստակամություն աշխատելու, օրենսգրքում հինգ հոդված էլ ունենաք` ապօրինի հարստացման վերաբերյալ, ապա կգտնեն մի լուսանցք, ինչպես մյուս պարագաներում, երբ չեն ցանկանում գործ հարուցել:

-Աստիճանաբար մոտեցանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Արդեն երկու տարի է` գործում է այս կառույցը, արդյունքները նկատվու՞մ են:

-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակակառուպցիոն մարմինները պետք է իրենց գործունեությամբ փոխկապակցված լինեն և լրացնեն միմյանց իրենց գործունեությամբ, որպեսզի արդյունք ապահովվի: Մենք ունենք էթիկայի հանձնաժողով, որը չունի բավարար լիազորություններ` օրինակ, հենց ապօրինի հարստացման պարագայում առկա բացը լրացնելու համար: Հնարավորություն չունի հարցում ուղարկել և ճշտել, թե եկամտի և աշխատավարձի մեծ տարբերությունը ինչով է պայմանավորված: Կառույցը, որը չունի լիազորություններ ինֆորմացիա ստանալու, դրա հետքերով գնալու և բացահայտումներ անելու, եթե նույնիսկ  15 տարի գործի, արդյունք չի ունենա: Հանձնաժողովը դեռևս միայն ապահովում է ինֆորմացիա ստանալը, ինչն, ի դեպ, մենք նախկինում չունեինք: Այսօր գոնե գիտենք, թե պաշտոնատար անձիք ինչ եկամուտներ ունեն: Սա, իհարկե, կոռուպցիայի պայքարի առանցքային մեխանիզմը չէ, կարևորն այն է, որ կարողանաս կանխարգելել:

Հանձնաժողովը նաև լիազորություն չունի իր նախաձեռնությամբ, առանց որևէ մեկի դիմումի քննության առնել այս կամ այն հարցը: Սա բազմիցս բարձրաձայնվել է:

Նաև մարդկային առումով սահմանափակ ռեսուրսներ ունի այս հանձնաժողովը: Եթե չեմ սխալվում, 700-ից ավելի անձից հայտարարագրեր են ստացվում, և լուրջ չէ հավատալ, որ 4 կամ 5 հոգով այդքանը այդքանը վերլուծել: Չկա նաև ժամանակավոր լուրջ մասնագետների ներգրավվելու հնարավորություն:

-Այս երկու կառույցների գործունեության արդյունավետությունը կասկածի տակ է դրվում նաև պատճառով, որ անկախ մարմիններ չեն:

-Բնականաբար: Էթիկայի հանձնաժողովը գործում է ՀՀ նախագահի աշխատակազմի կազմում և այնտեղից էլ ֆինանսավորվում, և որտեղի՞ց պետք է անկախ լինի: Պետք է որևէ մարմին նրա վրա ազդեցության լծակներ չունենա:

Հարցազրույցը` Աստղիկ Կարապետյանի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ