Արդարադատության ակադեմիան նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Արդարադատության ակադեմիան նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մեկնարկը տրվեց դասախոսություն-քննարկմամբ, որը վարեց միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք ակադեմիայից:

Փոխանցվում է, որ Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների, նաև աշխատակազմի առջև Վլ. Վարդանյանը հանդես եկավ «Ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքի համատեքստում» թեմայով դասախոսությամբ:

Նա անդրադարձավ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգին, Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների նկատմամբ այդ հայեցակարգի կիրառելիությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» գործողության հնարավորությանը:

Միջազգային իրավունքի մասնագետը հանգամանալից խոսեց միջազգային իրավունքում ցեղասպանության հիմքերի, վաղեմության ժամկետի, թուրքական կողմի փաստարկների և դրանց դեմ առկա հնարավոր հակափաստարկների մասին:

Բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դրանք վերաբերում էին ցեղասպանության ճանաչման գործընթացին, դրա հետևանքներին, տարածքների փոխհատուցման մասին իրավական հիմնավորումներին, նոր սերնդի իրավաբանների անելիքներին:

Կարևորելով նման հանդիպումների անցկացումը՝ Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մեզանում Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին չափազանց քիչ է խոսվում, մինչդեռ իրավաբանները շատ ասելիք ու անելիք ունեն այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս հարցում էմոցիաների հետ մեկտեղ լուրջ փաստարկներ ունենք, որոնք անհրաժեշտ հիմք են Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել