Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանին մասնակցում են մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը: Այս երկրները չեն անդամակցում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, սակայն այդ պլանի մասն են կազմում և գտնվում են կազմակերպության մոնիթորինգի ներքո: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ նշյալ պետությունները ներկայացնում են իրենց հաշվետվությունները, կատարողականները` Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջադրված հանձնարարականների ուղղությամբ:
Բացի այդ, առկա է նաև ստվերային զեկույցների ինստիտուտը, որպեսզի շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունենան իրենց տեսակետները ներկայացնել կառավարության գործունեության վերաբերյալ:
2015թ. մարտի 23-24-ին Փարիզում կայացավ համապատասխան նստաշրջանը, որին ՀՀ կառավարությունը զեկուցեց իր կատարած աշխատանքների վերաբերյալ:
ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքերով` այս նստաշրջանին Հայաստանից երեք ՀԿ-ներ ներկայացրին իրենց ստվերային զեկույցները. «Սա աննախադեպ էր, քանի որ այլ պետություններ նման ցուցանիշներ չունեին»:
Հայաստանին վերաբերող քննարկումների շրջանակներում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մոնիթորինգի արդյունքները, որոնց համաձայն` ՀՀ կառավարությունը 23 հանձնարարականներից 8-ով առաջընթաց չի գրանցել:
«Առաջին հերթին 8-րդ հանձնարարականն է, այն է` իրավապահ և դատախազական մարմիններում հակակոռուպցիոն մասնագիտացված օղակների ուժեղացումը: Համարվեց, որ Հայաստանն այս առումով չունի առաջընթաց, այն չի կատարվել: Հաջորդը 9-րդ հանձնարարական է, որը վերաբերում է կոռուպցիոն գործերով վիճակագրության խնդիրներին, նույնպես համարվեց, որ այդ համակարգը մեզ մոտ ներդրված չէ, այնուհետև` 11-րդը, որն առանչվում է պետական մարմիններում էթիկայի հանձնաժողովների ստեղծմանը և նրանց գործունեության համակարգմանը: Այստեղ նույնպես համարվեց, որ կառավարության ջանքներն անբավարար են: Ապա շահերի բախման ընթացակարգն է»,- նշեց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ` նույն գնահատականին են արժանացել կոռուպցիայի վերաբերյալ հաղորդումներ տալու մեխանիզմների մշակման և հաղորդում տվող անձանց իրավունքների պաշտպանության ապահովման վերաբերյալ հանձնարարականը. «Վերահսկիչ պալատի դերի ուժեղացման հարցում նույնպես համարվեց, որ Հայաստանը բավարար քայլեր չի ձեռնարկել, ինչպես նաև շեշտվեց, որ քաղաքական կուսակցությունների ֆինանսական տվյալների հրապարակման հարցում առաջընթաց չկա: Հայաստանը չի կատարել նաև վերջին հանձնարարականը, այն է` բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, բիզնես բարեխղճության հարցերի կատարելագործմանը»,- ընդգծեց մեր զրուցակիցը: