Ռազմական ինստիտուտի կուրսանտ, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի հանդեպ նախաքննության ընթացքում բռնությունների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Նա նշեց, որ այս քրեական գործի հարուցման մերժման որոշումը բողոքարկել է օրենքով սահմանված կարգով` նախ դատախազին և 7-օրյա ժամկետում որևէ պատասխան ստանալու դեպքում արդեն պարզ կլինի` արդյո՞ք նախաքննական մարմնի հիշյալ որոշումը դատարանով բողոքարկելու կարիք կլինի, թե` ոչ:
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտպանյալի հանդեպ ֆիզիկական ճնշումները կատարվել են նրան բերման ենթարկելու և ցուցմունքներ տալու ժամանակ, երբ ինքը դեռևս գործով որպես փաստաբան ներգրավված չի եղել:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: