Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը արդյունավետ չեմ կարող գնահատել. Արթուր Սաքունց

«Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը արդյունավետ չեմ կարող գնահատել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, անարդյունավետ գործելու պատճառն այն է, որ այս հանձնաժողովը չունի բավարար լիազորություններ և ազդեցիկ լծակներ` իր որոշումները իկատար ածվելու համար:

«Գիտեք, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը հենց սահմանափակում են  հանձնաժողովի այն գործունեությունը, որի միջոցով կարող է հասնել իր առջև դրված նպատականերին»,- Ա. Սաքունցն առաջին հերթին նշում է այն, որ հանձնաժողովը չունի իր նախաձեռնությամբ վարույթներ հարուցելու և քննություն կատարելու լիազորություն:

«Կարող է լրատվամիջոցներում հրապարակված նյութերը, հասարակական կազմակերպությունների կամ պարզապես քաղաքացիների հայտարարությունները ուսումնասիրության առարկա դարձնել` անկախ այն բանից նրանք դիմու՞մ են հանձնաժողովին, թե` ոչ:  Այսինքն, հանձնաժողովին պետք տրվի նախաձեռնողականության և առանց անմիջական դիմումներ ստանալու գործելու իրավունք: Այլ հարց է, նա ընտրողակաբար կմոտենա, թե` ոչ»,- ասաց Ա. Սաքունցը:

Եթե պրոակտիվ դեր դրվի հանձնաժողովին, հետևաբար` կտրվեն նաև ուժեղ լծակներ` իր որուշումները ազդեցիկ դարձնելու համար. «Օրինակ, նրա տված եզրակացությունը դառնա անհապաղ իրագործման փաստ, այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ որոշումն ուղարկվի նրա ղեկավարին, ով էլ համապատասխան որոշում ընդունի: Եվ այնուհետև հանձնաժողովը քննի նաև այդ ղեկավարի կողմից ընդունված որոշումը, թե արդյո՞ք այն արդյունավետ է»,- ասաց իրավապաշտպանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ