Անձի կամքին հակառակ՝ բնակարան մուտք գործելն արգելվում է. փաստաբան

Եթե քննիչը զննության որոշումը ձեռքին ցանկանում է մտնել անձի բնակարան, ապա քաղաքացին կարող է ազատորեն որոշել՝ թողնի նրան, թե` ոչ:

Փաստաբան Սամվել Ջաղինյանը նախ առաջարկում է տարբերակել զննությունն ու խուզարկությունը: Առաջին դեպքում խոսք է գնում արտաքին զննության մասին, այսինքն՝ առարկան պետք է տեսանելի լինի անձի համար, եթե դա տեսանելի չէ, ապա քննիչի գործողությունները կդասվեն խուզարկության շարքին:

«Անձի կամքին հակառակ՝ բնակարան մուտք գործելն արգելվում է: Դա ձեր սեփական տարածքն է, եթե դուք թույլ չտաք քննիչին զննել Ձեր բնակարանը, ոչ թե դիմադրեք, այլ ընդամենը չենթարկվեք՝ ասելով, որ կամավոր թույլ չեք տա: Ապա քննիչները իրավունք չունեն մուտք գործել»,- ասաց փաստաբանը:

Անկախ նրանից հետաքննիչն է եկել զննություն կատարելու, թե՝ քննիչը, քաղաքացին նախ կարող է նրանից ճշտել՝ իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ պարտականությունների մեջ քաղաքացուց չի պահանջվում ներս թողնել վարույթն իրականացնող մարմնին. «Քաղաքացին կարող է ասել՝ ես չեմ ուզում ձեզ տուն թողնել, ինչ է դրա համար ինձ հասնելու, ի՞նչ է պատասխանելու՝ ոչինչ չի կարող պատասխանել»,- ասաց փաստաբանը:

Իրավիճակը փոխվում է՝ երբ քննիչը ունի դատարանի որոշումը՝ խուզարկության մասին. «Արդեն քաղաքացիները պարտավոր են ենթարկվել, քննիչները կարող են հարկադրանքի միջոց կիրառել և մուտք գործել: Դատարանն արդեն անձի սահմանադրական իրավունքի անձեռնմխելիության սահմանափակում է առաջ քաշել՝ այն վերացնելով: Այս դեպքում քաղաքացին պարտավոր է ենթարկվել դատարանի կայացրած որոշմանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել