Ապօրինի հարստացուման երևույթն՝ որպես այդպիսին կարգավորման կարիք ունի: Ըստ ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, քրեական իրավունքի մասնագետ Աննա Մարգարյանի՝ ապօրինի հարստացման համար պատասխանատվության սահմանումը հնարավորություն է տալիս վերահսկել հասարակությունում այն հանցավոր վարքագիծը, որը բերում է հարստացման:
Միաժամանակ մասնագետը առաջարկում է երեք գործոն հաշվի առնել. «Առաջին՝ հետադարձ ուժ սա չի ունենալու, այսինքն՝ ովքեր, որ հարուստ են, հարուստ էլ մնալու են, խոսքը վերաբերելու է նոր անձանց: Երկրորդ գործոնը՝ ապացուցման մեխանիզմը, արդյոք մենք սրանով չե՞նք բերի ավելի վատ հետևանքի, այսինքն՝ գալու է անմեղության կանխավարկածի խնդիրը: Եվրոպական երկրներ կան, որոնք նախատեսել են այդ ինստիտուտը: Աչքի առաջ ունեմ մոլդովական և ֆրանսիական փորձը, երկրներից մեկն ի սկզբանե ասում է՝ այն, որ դու ունես շքեղ առանձնատներ, արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ դու մեղավոր ես, եթե չապացուցես քո անմեղությունը: Երկրորդ տարբերակը դիտարկենք, ասվում է՝ դու ունես շքեղ առանձնատներ, եթե պետությունը չապացուցի, որ դու դա ձեռք ես բերել ապօրինի հարստացման արդյունքում, դու պատասխանատվության չես ենթարկվի: Երկու պարագայում էլ լուրջ պրոցեսներ են առաջանում ապացուցման տեսանկյունից, իսկ մի կողմից դուք ի սկզբանե ելնում եք մեղավորության կանխավարկածից: Երկրորդ կտրվածքում, երբ որ գալիս է, որ դուք պետք է ապացուցենք, որ դա ապօրինի հարստացում է, այսօր մեր երկրում մենք տեսնում ենք, որ դա շատ դժվար է ապացուցել, այսինքն՝ ապացուցել, որ հենց հանցավորության արդյունք է»,- ասաց տիկին Մարգարյանը:
Նա նաև փոխանցեց, որ ապօրինի հարստացման հարցը մեկ անգամ նախնական քննարկման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխման աշխատանքային խմբում, սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական տեսակետ դեռևս չկա. «Այնպես է, որ բոլորս էլ միջազգային կոնվենցիաների հետ առնչվում ենք, եթե քրեական օրենսգրքում դրույթներ են նախատեսվում, առաջին խնդիրներից մեկը բացի այն, որ դրույթը պետք է լինի հստակ և Հայաստանի պահանջներին բավարարող, նաև պետք է ապահովի միջազգային կոնվենցիաներով նախատեսված պահանջները: Ամենադժվար հարցն է, ի դեպ, որովհետև շատ դեպքերում մեր պրակտիկայում ապացուցողական գործընթացին այն խորթ է»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: