Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է լինի անկողմնակալ, որպեսզի կարողանա համարձակ որոշումներ ընդունել և հետամուտ լինել դրանց կատարմանը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, ողջունելի է, որ պետական այրերը ցանկություն են ցուցաբերում կոռուպցիայի դեմ պայքարելու, սակայն ինքն անձամբ կասկածում է այս մարմնի գործունեության արդյունավետությունը, քանի որ դեռևս չկան ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք կարող են ապահովել այդ խորհորդի որոշումների իրականացումը:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակական կազմակերպություններից ընդամենը երկու ներկայացուցչի անդամակցությանը խորհրդին, Գագիկ Մակարյանը ճիշտ չէ համարում. «Մանավանդ մեր միությունն էլ չկա, որն ամենամեծ սոցիալական միությունն է: Մենք կառավարության հետ գործընկեր միություն ենք, կառավարւթյունը մեզ չի դիմել, որ մենք ընդգրկվենք կամ ընդգրկվելու հայտ լրացնենք, ինքն է որոշել, թե ում ընդգրկի: Սա օբյեկտիվ չեմ համարում: Կան ՀԿ-ներ, որոնց անունը մնացել է, տակը ոչինչ չկա, կամ ՀԿ-ներ կան, որ հենց կոռուպցիոն ռիսկերի մեջ են գտնվում»: