Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի որոշումներ է ընդունել:
Դրանցից մեկով վարչապետը որոշել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը: Մեկամսյա ժամկետում պետք է մշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույց:
Մյուս որոշումով փոփոխության է ենթարկվել ՀՀ վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:
Վերջին երկու որոշումները գործուղումների վերաբերյալ են: Առաջինով ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը 2015 թվականի ապրիլի 13-17-ը կգործուղվի Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային 1-ին խմբի 24-րդ նստաշրջանին մասնակցելու համար, իսկ երկրորդով Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Հարությունյանը՝ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Եվրոպայի Խորհրդի 8-րդ կոնֆերանսին ներկա գտնվելու նպատակով: