Հանձնաժողովի ստեղծմամբ մեր պաշտոնյաներն ավելի զգոն չեն դարձել. փաստաբան

«Թերահավատ եմ, որ 5 հոգանոց հանձնաժողովը կարող է մոտ 700 բարձրաստիճան պաշտոնատար անձանց ամբողջ ունեցվածքի հայտարարագրերի վերլուծությունն անել, օբյեկտիվ գնահատական տալ՝ չունենալով որևէ կաշկանդվածություն»,- խոսելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի գործունեությունից՝ կարծիք հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ իրավախորհրդատու, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:

Նշենք, որ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մինչ այս շուրջ երկու տարբեր դիմում է ուղղել այս հանձնաժողովին՝ խնդրելով հանգամանքներ պարզել երկու պաշտոնյաների՝ Գագիկ Խաչատրյանի և Տարոն Մարգարյանի վերաբերյալ:

Մեր զրուցակիցը հակված է մտածելու, որ հանձնաժողովն ունի լծակների պակաս. «Որովհետև հայտարարագրերի ստուգման և ուսումնասիրության հետ կապված այն ունի հարցումներ ուղարկելու լիազորություններ, ինչը մենք տեսանք նաև Տարոն Մարգարյանի և Գագիկ Խաչատրյանի գործերն ուսումնասիրելիս, բայց ավելին՝ ոչ: Ասենք բացահայտեց՝ ի՞նչն է լինելու դրա իրավական հետևանքը կամ անհամապատասխանատվություն հայտնաբերեց ներկայացված հայտարարագրերի և իրական եկամուտի աղբյուրների միջև: Ի՞նչ պետք է հանձնաժողովն անի. ուղղակի առաջարկություններ է ներկայացնելու ՀՀ նախագահին, ԱԺ-ին և կառավարությանը: Եթե խախտումներ են առկա, ապա պետք է դիմի իրավապահ մարմիններին, սակայն մենք առ այսօր չենք տեսել որևէ դիմում՝ ուղղված իրավապահ մարմիններին, նաև առաջարկները չենք տեսել հանձնաժողովի՝ ուղղված կառավարությանը: Եթե դրանք հանրային են, կայքում պետք է տեղադրված լինեն»,- ասաց փաստաբանը:

Նա միայն նշեց, որ հանձնաժողովը կառավարության որոշումների որոշ փոփոխություններ է առաջարկում՝ հայտարարագրերի հրապարակման հետ կապված, բայց ընդամենը սա, ավելի քայլեր, տիկին Տիգրանյանը, չի տեսնում:

«Այնպես չի, որ այդ հանձնաժողովի ստեղծմամբ մեր պաշտոնյաներն ավելի զգոն դարձան: Օրենքում կամ մի դրույթ, որ եթե բարձրաստիճան պաշտոնատար անձն ունի կասկած, որ որևէ որոշում կայացնելով կամ որոշում ընդունելով՝ իր մոտ կառաջանա շահերի բախում, պետք է դիմի հանձնաժողովին, որն էլ կարծիք է հայտնում, արդյոք հիմնավոր է նրա կասկածները, թե՝ ոչ: Մենք հարցումներ ենք անընդհատ ուղարկում հանձնաժողովին, հիմա էլ չենք ուղարկում, թե օրենքի մեկ ու կես տարվա գործունեության դեպքում՝ քանի նման դիմում եք ստացել որևէ պաշտոնյայից, պատասխանը մեկն է՝ ոչ մի, որովհետև օրենքը թողնում է բարձրաստիճան պաշտոնյայի բարեխղճությանը»,- եզրահանգեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ իրավախորհրդատուն:

Կարդացեք նաև՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովն իր ողջ գործունեության ընթացքում ընդամենը 4 վարույթ է հարուցել

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ