Հագուստի և ոչ պարենային ապրանքների խանութները դռներին անօրինական գրություն են փակցնում՝ «Վաճառված ապրանքը հետ չի ընդունվում»: Այս մասին մարտի 25-ին Հայաստանի խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի աշխատանքի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Բավական է միայն անցնել քաղաքի կենտրոնով, և տասնյակ նման գրություններ կտեսնեք: Չնայած օրենքով մի շարք ապրանքների վրա տարածվում է 14 օրվա ընթացքում հետ վերադարձնելու հնարավորությունը, սակայն խանութների մեծ մասը թքած ունի օրենքի վրա»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Ի պատասխան, ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը նկատեց, որ հարցը Հանձնաժողովի իրավասության ներքո չէ, քանի որ այն հետևում է միայն շուկաների գերիշխող սուբյեկտներին: Իսկ հագուստի և ոչ պարենային այլ ապրանքների շուկայում հազարավոր ընկերություններ են գործում:
«Ամեն դեպքում, Ձեր մտահոգությունը հիմնավոր եմ համարում և ամեն ջանք կգործադրեմ՝ պարզելու համար, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել այս դեպքում»,- հայտարարեց Շաբոյանը: