Փոքր դրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՀԵԻԱ) և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) շրջանակներում հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին` հասարակական կազմակերպություններին և ոչ պետական հիմնադրամներին (այսուհետ`ՔՀԿ) և ԶԼՄ-ներին դիմելու փոքր դրամաշնորհների մրցույթի առաջին փուլին, որի շրջանակներում մինչև 5 ծրագրերի ֆինանսավորման համար կտրվեն դրամաշնորհներ` 3 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ և 2-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ, կամ 2 դրամաշնորհ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ արժողությամբ, և 3-ը՝ մինչև 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ):

Փոքր դրամաշնորհների մրցույթի նպատակն է իրականացնել հասարակական դիտորդում, հանրային վերահսկողություն և լրագրողական հետաքննություն՝ ՀՀ կառավարության գործող ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի, ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց գործողությունների միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նպատակները,

Ծրագրի նպատակներն են.

  • Հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
  • ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտների, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի և ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարության ու դրանց գործողությունների միջոցառումների իրականացման նկատմամբ դիտորդումների և լրագրողական հետաքննությունների իրականացում:
  • ՔՀԿ-ների, լրատվամիջոցների, ու հասարակության միջև համագործակցության խորացում՝ կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության (քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով), սոցիալական և բնապահպանական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վեր հանման և խնդիրների բարձրացման նպատակով:

Հիմնական պահանջներն ու չափանիշները.

Շահառուներ.

Դրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել Երևանում և ՀՀ մարզերում գործող ու պետական գրանցում ունեցող ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները, որոնք մասնակցել են Ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կողմից 2014թ.-ին կազմակերպված եռօրյա հակակոռուպցիոն դասընթացներին և ստացել մասնակցության վկայական:

ՔՀԿ-ների առանձնացված ստորաբաժանումները չեն կարող առանձին դիմել դրամաշնորհային ծրագրին:

ԶԼՄ-ները միայն կարող են ՔՀԿ-ների հետ համատեղ ներկայացնել դրամաշնորհային ծրագրի հայտ, որտեղ չեն կարող լինել հիմնական հայտատու:
Համատեղ ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրի հայտի դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր համագործակցող կողմերից:

ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ընտրության դեպքում նախապատվությունը կտրվի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ներին, ովքեր ունեն հակակոռուպցիոն, իրավապաշտպան, իրավաբանական, բնապահպանական գործունեության, այդ ոլորտներում դիտորդման, հետաքննությունների, հանրային վերահսկողության իրականացման և իրավական թեմաների լուսաբանման համապատասխան փորձ:

Կխրախուսվեն կանանց կողմից ղեկավարվող ՔՀԿ-ների ծրագրերը, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք կենտրոնացած են մասնավորապես՝ կանանց մտահոգող հիմնախնդիրների շուրջ (օրինակ ՝ ծննդատներում առկա կոռուպցիոն հիմնախնդիրներ և այլն):

Այն դեպքերում, երբ հայտը ներկայացվում է 1 500 000 ՀՀ դրամի սահմաններում, նախապատվությունը կտրվի այն հայտերին, որոնք ստացվել են 2 կամ ավելի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների խմբի կողմից:

Դրամաշնորհային ծրագրի հայտ.

Դրամաշնորհային ծրագրի հայտը պետք է ունենա կոնկրետ նպատակ (ներ): Արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Հայտում պետք է պարզաբանվի, թե ի՞նչ արդյունքներ և օգուտներ կբերի ծրագրի իրականացումը, ի՞նչ հնարավոր ազդեցություն կունենա ծրագիրը հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգի և ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի զարգացման վրա, ինչպե՞ս է ծրագրով դիտորդվելու ՀՀ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն ասպեկտները, ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, ՀՀ գործող հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանց միջոցառումների իրականացումը, ովքե՞ր են լինելու ծրագրի շահառուները:
Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներկայացվեն հայերեն՝ սույն հայտարարության կցված ձևաթղթերին համապատասխան:
Ծրագրի շրջանակում աշխատանքները կարող են սկսվել միայն Դրամաշնորհի պայմանագրի ստորագրումից հետո: Դրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ կատարված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման:

Ժամկետներ.
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը պետք է լինի 2-ից 4 ամիս:

Բյուջե.
Կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհները չափերը կազմում են մինչև 1 000 000 ՀՀ դրամ և մինչև 1 500 000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրին տրամադրվող սահմանափակ բյուջեն, սարքավորումների և կապիտալ ծախսերի ֆինանսավորման պահանջները չեն խրախուսվում: 100 000 ՀՀ դրամից պակաս սահմաններում փոքր կապիտալ ծախսերը կարող են հաստատվել, եթե բխեն ծրագրի հայտից:
Դրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%): Ընդհանուր բյուջեի 10%-ը գերազանցող գումարի կամ դրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է նախապես հաստատվեն ՀԵԻԱ-ի պատասխանատու անձի կողմից:

Դրամաշնորհի հայտ ներկայացնելու կարգը
Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ները դրամաշնորհային հայտին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ՔՀԿ (ների) և ԶԼՄ-ների կանոնադրության պատճենը.
  • ՔՀԿ (ների) և ԶԼՄ-ների պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլոր ներդիրների պատճեները.
  • ՀԵԻԱ կողմից կազմակերպված հակակոռուպցիոն ուսուցումների մասնակցության վկայականի պատճենը.
  • հարկ վճարողների հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը.
  • բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություն (հաղթող ճանաչված հայտատուները պետք է ներկայացնել նաև քաղվածք բանկից).
  • եթե ծրագրի ղեկավարը ՔՀԿ-ի ղեկավարը չէ, ապա ՔՀԿ ղեկավարի կողմից ծրագրի ղեկավարին տրված լիազորագիրը.
  • ծրագրի հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականները.
  • Պարտավորագիր-նամակներ` համատեղ ներկայացվելիք ծրագրերի դեպքում:

Հայտը փակ ծրարով անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային առաքմամբ` ք. Երևան, Նալբանդյան 7/2 հասցե կամ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրը անվանելով՝ «Փոքր դրամաշնորհային հայտ»:

Անհրաժեշտության դեպքում հայտատուներից կպահանջվի նաև որոշ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները նույնպես:

Առաջին փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 15-ը, ժամը 18:00-ը:
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հետ չեն վերադարձվի հայտատուին, անկախ այն հանգամանքից, թե հայտը ընդունվել է, թե ոչ: Պահանջվում է ներկայացնել փաստաթղթերի միայն մեկ փաթեթ: Այն հայտերը, որոնք չենք ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:
Դրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են համաձայն ՀԵԻԱ-ի դրամաշնորհների տրամադրման Կարգի:

Առաջին փուլի դրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2015թ. ապրիլի 29-ը, ժամը 18:00-ը: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում:

Առաջին փուլի հաղթող հայտատուների հետ դրամաշնորհային պայմանագրեր կստորագրվեն 2015թ. ապրիլի 30-ին, իսկ ծրագրերի իրականացման սկիզբը կհամարվի 2015թ. մայիսի 1-ը:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության դրամաշնորհների տրամադրման կարգ

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիր Փոքր դրամաշնորհների հայտի ձև

Ենթադրամաշնորհային պայմանագիր

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ