Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության համար մեղադրվող ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, իսկ խափանման միջոց կալանքը փոխարինվել է ստորագրությամբ` չհեռանալու մասին: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա. Կատունյանի փաստաբան Երչվանդ Վարոսյանը:
Պաշտպանը հայտնեց, որ ստացվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի, Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Ստացված եզրակացության հիման վրա նրան առաջադրված մեղադրանքը փոխվել է և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով ձեռք բերված զենք): Նշենք, որ մինչ այս Կատունյանին առաջադրված էր մեղադրանք Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանությունը:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 24-ին Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ հայտնաբերվել էր Հ.Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով, իսկ 3 օր անց Կատունյանը ներկայացել էր Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն և հայտնել, որ վերոհիշյալ օրը վիճաբանել է Հ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել էր այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե՝ ոչ: