ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետին՝ Հ.Հովհաննիսյանին՝ կաշառք ստանալու համար։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, քաղաքացի Գ.Սահակյանի օգտին իր լիազորության շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու համար որպես միջնորդ հանդիսացող Ժ.Շահբազյանից մարտի 11-ին պահանջել է զգալի չափերով գումար։
Երկու օր հետո՝ մարտի 13-ին, պայմանավորվածության համաձայն, Հ.Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ստացել է պահանջված գումարը, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։