Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար սահմանվում է որոշակի խնդիրների, նպատակների շրջանակ, որոնց անհրաժեշտ է հասնել: Այս խնդիրների լուծման համար ստեղծվել է 2015-2018թթ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, որի շրջանակներում որոշված գործողությունները իրականացնելու արդյունքում նախատեսվում է հասնել այդ ռազմավարության խնդիրների իրականացմանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային համակարգող, փաստաբան Արթուր Սուքիասյանը:
«Ծրագիրը փոխանակ ապահովի խնդիրների լուծում և նպատակների իրականացում, ավելի է նեղացնում այդ գործողությունների շրջանակը, որոնք անհրաժեշտ են մեր երկրում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու և կոռուպցիան հաղթահարելու համար: Նեղացնելու օրինակն էլ այն է, որ որոշվել են մի քանի ոլորտային ծրագրեր: Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ, ինչ սկզբունքով են որոշվել այդ ոլորտները: Ինչպես վարվել այն մյուս ոլորտների հետ, որոնք կրկին ինչ-որ լուծումների, գործողությունների կարիք են զգում»,- նշեց պարոն Սուքիասյանը:
Փաստաբանը անդրադառնալով խորհրդի գործողության շրջանակներին, նրանց տրված լիազորություններին՝ նշեց, որ պետության հակակոռուպցիոն գործունեության ոլորտում հիմնական դերը տրված է այդ խորհրդին. «Հիմնական որոշումներ կայացնելու լիազորությունը տրված է խորհրդին, սակայն, երբ որ դիտարկում ես խորհրդի կազմը, ստացվում է, որ հասարակության և կառավարության երկխոսությունը ընդհանրապես ապահովված չէ: Մեծամասնություն են կազմում պետական համակարգի ներկայացուցիչները և պետք է լինեն ընդամենը 2 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք, բնականաբար որոշումների կայացման վրա որևէ էական ազդեցություն չեն կարող գործել: Եվ կարելի է ասել ձևական բնույթ է կրում նրանց ներկայությունը այդտեղ: Դրա համար գտնում եմ, որ հարաբերակցության առումով կազմը սխալ է ընտրված»,-նշեց մեր զրուցակիցը:
Պարոն Սուքիասյանը պետության պարտավորություններից վեր դասեց քաղաքացիների մոտեցումը այս խնդրին. «Անհրաժեշտ է` հասարակությունը անհանդուրժող լինի կոռուպցիոն երևույթների դեմ, գիտակցի կոռուպցիայի վտանգավորությունը: Կարևոր նախապայմաններից է մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն մարմնի ձևավորումը, բայց ոչ այն ձևաչափով, որ մեզ հիմա առաջարկում է կառավարությունը, այլ այն ձևաչափով, որը որ նախատեսված է միջազգային փաստաթղթերով» – նշեց նա:
Ըստ փաստաբանի, միայն ծրագրով նախատեսված գործողությունները կատարելը ինչ-որ փոփոխություն չի բերելու. «Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ ժամանակահատվածն է կարճ, այլ ծրագրում ներառված գործողությունների: Ես գտնում եմ, որ առաջադրված գործողությունները որևէ էական փոփոխություններ չեն բերելու»,- հավելեց Արթուր Սուքիասյանը:
Տիգրանուհի Հարությունյան
Իրավաբան.net