Ի՞նչ է կոռուպցիան

Գործնականում այսօր կոռուպցիայի մասին հիշատակումները և դրա դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը գիտակցում են Հայաստանի ներկա սոցիալ–տնտեսական և քաղաքական իրավիճակի գնահատման բովանդակությունում։

Կոռուպցիայի կարճ և բովանդակ սահմանում ամրագրված է Միացյալ ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ միջազգային պայքարի մասին» տեղեկատվական փաստաթղթում` ըստ որի` «Կոռուպցիան դա պետական իշխանության չարաշահումն է` անձնական նպատակով շահ ստանալու համար»։

«Կոռուպցիա» տերմինը ունի լատինական ծագումնաբանություն և նշանակում է փչացում, ծախվածություն, քայքայում, կաշառում։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը կոռուպցիային տալիս է հետեւյալ բնորոշումը. «պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում` անձնական դիրքից ելնելով»:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվենցիայի» 2–րդ հոդվածում նշված է, որ «Կոռուպցիան» նշանակում է` ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ, կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարում կամ պահանջվող վարքագիծը։

Կոռուպցիան ըստ էության առավել պատկերավոր կարելի է բնութագրել հետևյալ կերպ. «Կոռուպցիան դա իշխանության կոռոզիա է։ Ինչպես ժանգն է քայքայում մետաղը, այնպես էլ կոռուպցիան քանդում է պետական ապարատը և ներսից քայքայում հասարակության բարոյական հիմքերը։ Իսկ երկրում առկա կոռուպցիայի մակարդակը հասարակության ինքնատիպ չափանիշն է, որը ցույց է տալիս հասարակության բարոյահոգեբանական վիճակի և պետական ապարատի ոչ անձնական նկատառումներով, այլ հանուն հանրային շահի խնդիրներ լուծելու ունակության աստիճանը։ Նույնկերպ այն, որ մետաղի կոռոզիոն «հոգնածությունը» նշանակում է դրա տոկունության սահմանի իջեցում, այնպես էլ կոռուպցիայից հասարակության հոգնածությունը նշանակում է նրա դիմադրողականության իջեցում»։

ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ