53-ամյա Արմենն ու իր 82-ամյա մայրը ամբաստնյալի աթոռին են հայտնվել՝ երիտասարդ կնոջից շանտաժով գումարներ կորզելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմենը, անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ուրիշի գույքը հանձնելու պահանջ ուղղելու միասնական դիտավորությամբ, պահանջել է մորը զանգահարել Անահիտին և պահանջել 2000 ԱՄՆ դոլար գումար։
Անահիտը հարկադրված կարողացել է տալ պահանջված գումարի միայն 500 դոլարը: Այնուհետև երկու անգամ 100 դոլար է տվել, 5 անգամ՝ 20 հազար դրամ:
Որոշ ժամանակ անց՝ 2014-ի փետրվարի 6-ին Արմենն ու մայրը Անահիտին առանձնազրույցի են կանչել «Գինետուն» ռեստորանային համալիր, որտեղ վերջինիս որդու և դստեր նկատմամբ բռնություն գործադրելու, աշխատավայրում, հարազատների շրջանում մտացածին ինտիմ կապի վերաբերյալ արատավորվող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, նրան են ներկայացրել առանձնապես խոշոր չափի՝ 15.000 ԱՄՆ դոլար գումար տալու պահանջ: Սակայն Անահիտն այս անգամ գումար չի տվել և դիմել է ոստիկանություն:
Այսքանից բացի, Արմենը Սլավոնական համալսարանին հարակից կանգառում հանդիպել է Անահիտին և պահանջել նստել մեքենան, սակայն վերջինիս կողմից բացասական պատասխան ստանալով՝ նյարդայնացել է, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: