Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման նոր կարգը որոշ դժգոհությունների տեղիք էր տվել լրատվամիջոցների շրջանում: Նորությունն այն էր, որ հավատարմագրվել ցանկացող ոչ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող էին հավտարամագիր ստանալ:
Կարգում մասնավորապես նշվում է. «Ազգային ժողովում կարող են հավատարմագվել ՀՀ արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները (այսուհետ` լրագրող)»:
Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ասաց, որ այս նորամուծությունը խտրականության տարրեր է պարունակում:
«Ոչ միայն խտրականություն է, այլև միջամտություն է մի շարք իրավունքներին` խոսքի ազատության, սեփականության, տնտեսական գործունեության իրավունքներին, քանի որ լրագրությունը որոծակի տնտեսական շահ է ակնկալում: Եվ այդ միջամտությունը առնվազն անհրաժեշտ չէ ժողովրդավարական պետությունում»,- ասաց Ա. Զեյնալյանը:
Աստղիկ Կարապետյան