«Նուբարաշեն»-ի կրակոցների գործը. «Ոստիկանությունը պետք է կանխեր». փաստաբան

Եթե ոստիկանությունն իր գործառույթները բարեխղճորեն կատարած լիներ, ապա մինչ «Նուբարաշեն»-ի կրակոցների դեպքը, պետք է օպերատիվ տեղեկություններ ստացած լիներ և միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կանխելու: Անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմացի կրակոցներին՝ նշեց փաստաբան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք՝ մարտի 4-ին ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդ մասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:

«Խոսքը ոչ միայն այս հանցագործության մասին է, այլ նաև բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարվեցին, որի վերաբերյալ, ես ենթադրում եմ, որ ինֆորմացիան պետք է օպերատիվ ձևով ստացված լիներ»,- ասաց փաստաբանը:

Այն հարցին, թե արդյոք ոստիկանությունն ի վիճակի չէ վերահսկել քրեական հեղինակությունների շարժը, փաստաբանը պատասխանեց. «Ի՞նչ վերահսկման մասին է խոսքը, եթե վերջերս տեղեկացանք, որ Հայաստանում տեղի ունեցավ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հավաքույթ, բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ, տվեցին մեկնաբանություններ, որոնք որ չեմ կարծում, որ պետք է բխեին հասարակության շահերից: Մյուս պետությունները պայքար են տանում, որ այդ երևույթը արմատախիլ անեն, իսկ մեր պաշտոնյաներն ասում են, որ այդ անձիք ազատ են տեղաշարժման հարցում ու ուր ուզեն կարող են գնալ, ինչ ուզում են, կարող են անել: Սա բարձրաստիճան պաշտոնյային՝ առավել ևս ոստիկանության ներկայացուցչին ոչ հարիր պահվածք է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Փաստաբանը պնդում է, որ ոստիկանությունը պետք է լրջորեն զբաղվի քրեական հեղինակությունների գործողությունների վերահսկման գործողությունները. «Ոչ թե, ասենք մեկ ձուկ գողացողին, չգիտեմ՝ մանր գողություն անողին բռնեն, «02» հաղորդաշարով ցույց տան, ասեն, որ հանցագործություն են բացահայտել և այլն, և այլն: Այսինքն՝ նման մանր հանցագործությունների վրա այդքան ջանքեր գործադրելու կարիք չկա, ոստիկանությունը դրա փոխարեն պետք է իր ուժերը համախմբի ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, հանցավոր էլեմենտների բացահայտման ուղղությամբ: Անկեղծ ասաց՝ ես չեմ նկատում, որ մեզ մոտ նման քայլեր են ձեռնարկվում»,- եզրահանգեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել