Դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Մուրադյանը Հին Երևանցի փողոցից նստել է Ա.Աբելյանի վարած տաքսի մեքենան և ուղևորվել Էրեբունի փողոց: Տեղ հասնելով՝ Ա.Մուրադյանը վճարել է 1.000 դրամ: Տաքսու վարորդն ուղեւորից 1500 դրամ պարտքով գումար է խնդրել։ Վերջինս մերժել է՝ ասելով, որ իրենք ծանոթ չեն, ինչից հետո Ա.Աբելյանը պահանջել է, որ փոխադրման համար Ա.Մուրադյանը վճարի 1500 դրամ: Նշելով, որ նույն ճանապարհահատվածի համար միշտ 1.000 դրամ է վճարել, որից 200 դրամը եղել է թեյավճար՝ Ա.Մուրադյանը հրաժարվել է 1500 դրամ վճարել եւ փորձել է հեռանալ: Սակայն վարորդը թույլ չի տվել, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Աբելյանը մեքենայից վերցրած դանակով հարվածել է Ա.Մուրադյանին՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել է փախուստի:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015 թվականի մարտի 10-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: