Ծնողների զարդերը գրավադրել է, այնուհետև «ավազակային հարձակում» կազմակերպել. մեղադրական եզրակացություն

22-ամյա Սեդա Կիրակոսյանը ծնողների ոսկյա զարդերը գրավադարել է բանկում` ընկերոջն օգնելու համար, իսկ հետո էլ իր հանդեպ ավազակային հարձակման բեմականացում է կազմակերպել, ոստիկանությունում հաղորդում տվել, թե ոսկյա զարդերը տուն մտած անհայտ անձիք են տարել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Սեդան ամբաստնյալի աթոռին է հայտնվել սուտ մատնություն կատարելու համար, ինչն էլ զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով:

Համաձայն մեղադրական եզրակացության, Սեդան` ամուսնու և երկու մանկահասակ երեխաների հետ միասին  2014թ. դեկտեմբերի 26-ից սկսած ժամանակավորապես բնակվել է իր հայրական տանը, իսկ ծնողները գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում:

2015 թվականի հունվարի սկզբին Սեդան ծանոթացել և շփվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Արմենի հետ, ում նյութապես օգնելու համար իր մորը պատկանող մոտ 600.000դրամ արժողությամբ ոսկյա զարդերը 280.000 դրամի դիմաց գրավադրել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ Էջմիածնի մասնաճյուղում: Ստացված գումարը մաս-մաս տվել է Արմենին, որից վերջինս հետ է վերադարձրել 150.000դրամը:

Հունվարի 23-ին իմանալով, որ հաջորդ օրը ծնողները վերադառնալու են ՌԴ-ից, զարդերի պատմությունը թաքցնելու համար կազմակերպել և իրականացրել է ավազակային հարձակման ձևացում: Կպչուն ժապավենով կապել է իր ոտքերն ու ձեռքերը, պառկել տան հատակին, ձեռքերն ու ոտքերը միացրել իրար, ձևացրել թե իբր իրեն այդ վիճակին են հասցրել հանցագործները, իսկ ծնողների գալուց հետո վերջիններիս հայտնել, որ իրենց տուն են մտել դիմակավորված երկու անհայտ անձինք, կապել իրեն, դանակի սպառնալիքով հափշտակել տանը եղած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:

Այնուհետև Վաղարշապատի ոստիկանության բաժնիում տվել է նույնաբովանդակ, ակնհայտ կեղծ հաղորդում: Սեդան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հատկանիշներով արարք կատարելու համար: Սեդայի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին: Գործը քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Հ.Գ. Անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել