Մեքենաների սպասարկման համար ԱԺ-ն ու կառավարությունը հիմնականում դիմում են «Տոյոտա-Երևան»-ին

Միայն 2014 թվականի ընթացքում կառավարությունն ու Ազգային ժողովը միասին մոտ 245 հազար դոլարի Toyota մակնիշի ավտոմեքենաներ են գնել կառավարության պահուստային ֆոնդից, այս մասին Իրավաբան.net-ը անդրադարձել էր օրեր առաջ: Սակայն մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ դեռևս 2009 թվականից այս կառույցները մեքենա գնելիս նախընտրությունը տալիս են «Տոյոտա-Երևան» ընկերության կողմից ներկրված մեքենաներին: Հետևաբար, և գնված մեքենաների վերանորոգման, և պահեստամասեր ձեռքբերելու համար կրկին դիմում են «Տոյոտա-Երևան» ընկերությանը: Միայն 2014-ի ընթացքում այս նպատակներով «Տոյոտա-Երևանին» վճարվել է մոտ 44.5 միլիոն դրամ (մոտ 93 հազար դոլար):

Այս առումով ամենամեծ ծախսն արվել է Ազգային ժողովի կողմից` մոտ 19 միլիոն դրամ: ԱԺ-ն, իհարկե, օգտվել է նաև մեքենաների վերանորոգման այլ ընկերությունների ծառայություններից նույնպես, սակայն, ինչպես ասում են, «առյուծի բաժինը» հասել է «Տոյոտա-Երևան»-ին, և նույնիսկ մյուս ընկերություններին վճարված ընդհանուր գումարն ավելի փոքր է, մոտ 12 միլիոն դրամ (խոսքը վերաբերում է «Եվրոմոթորս», «Կարկոմավտո», «Գլոբալ Մոթորս», «Մուլտի Մոթորս», «Կոնսէլ» ընկերություններից ստացված ծառայություններին):New Picture (1)

«Տոյոտա-Երևան»-ի ծառայություններից մեծապես օգտված մյուս գերատեսչությունը եղել է Պետական եկամուտների կոմիտեն, որը ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման համար վճարել է 6.4 միլիոն դրամ:New Picture (20)

Ազգային անվտանգության ծառայությունը բեռնատարների, ֆուրգոնների և ավտոմեքենաների համար պահեստամասեր ձեռքբերելու համար «Տոյոտա-Երևան»-ին վճարել է 3.8 միլիոն դրամ: Այս կառույցի կողմից մեկ անձից արված գնումների ցանկում առավելապես խոշոր մաս են կազմվում հենց ավտոպահեստամասերը, որոնք այս դեպքում գլխավորապես գնվել են «Գլոբալ մոթորս» ընկերությունից:  Untitled-1 copy (4)
Իսկ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը «Տոյոտա-Երևան»-ին մեքենաների սպասարկման համար վճարել է 6 միլիոն դրամ:New Picture (8)

Հաջորդը էկոնոմիկայի նախարարությունն է, որը ավտոմեքենաների վերոնորգման և պահպանման ծառայությունների համար վճարել է 2 միլիոն դրամ:New Picture (7)

Մեկ միլիոն և ավելի դրամ ավտոսպասարկման համար «Տոյոտա-Երևանին» վճարել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` 1 միլիոն 82 հազար դրամ, տարածքային կառավարման նախարարությունը` 1 միլիոն 90 հազար դրամ, ոստիկանությունը` 1 միլիոն դրամ:

Դատախազությունը մեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների համար ծախսել է 900 հազար դրամ, իսկ ՀՀ արտգործնախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը` 796 հազար դրամ: Մյուս կառույցների ծախսերը 500 հազար դրամը չեն գերազանցել:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ բոլոր ծառայությունները մատուցվել են «Տոյոտա-Երևան» ընկերությունից, որի հիմնադիրներն են «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանի ազգական Անդրանիկ Գևորգյանը և Վահե Գզրարյանը:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ