«Վարորդների մոտ 80 տոկոսը կատարում է մանր խախտումներ»

«Ճանապարհային երթևեկության կազմակերպումը մեզ մոտ գտնվում է շատ վատ վիճակում, քանի որ լուսացույցները տեղադրված են շատ վատ տեղերում, երթևեկությունը շատ դանդաղ է, հաճախ են խցանումներ լինում, իսկ վթարների թիվը գնալով ավելանում է»,- նման դիրքորոշում ունի «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ հետիոտնային անցումային գծանշումները սխալ տեղերում են նշված: Դրանք պետք է լինեն խաչմերուկից դուրս, այլ ոչ թե խաչմերուկների հատվածում, որի պարագայում հետիոտնին մոտեցնում են խաչմերուկին: Ըստ մասնագետի՝ այս սխալն է հանդիսանում վթարների ու վրաերթերի պատճառ. «Պատասխանատուները այս խախտումները հիմնավորում են նրանով, որ թեքահարթակներ կան տեղադրված տվյալ մասերում, այդ պատճառով անցումային գծանշումները արվում են խաչմերուկների հատվածում»,- նշեց մեր զրուցակիցը:

ՀԿ նախագահը չափազանց դրական գնահատեց լուսացույցներից դեղին լույսը հանվելու և միայն կարմիր ու կանաչ լույսերը թողնելու հանգամանքը. «Դեղին լույսերի հանվելու դեպքում խցանումներ չեն լինի իսկ վթարները կնվազեն»,- ասաց նա:

Պարոն Հովհաննիսյանը խոսեց նաև ճանապարհային տեսախցիկների մասին: Նրա կարծիքով այդ տեսախցիկները արձանագրում են վարորդների կատարած մանր խախտումները, որոնք էլ պակաս վթարների առաջացման պատճառ չեն: Նա նշեց, որ վարորդների մոտ 80 տոկոսը կատարում է մանր խախտումներ, իսկ մեծ մասն էլ չի իմանում, թե ինչ խախտում է կատարել. «Շատ հաճախ վարորդները դիմում են մեզ, որ իմանան, թե ինչ խախտում են կատարել և արդյոք տուգանքները իրենց տեղին են ուղարկվել և պարզվում է, որ իրենք իսկապես այդ խախտումները կատարած են լինում»,- եզրափակեց Պարոն Հովհաննիսյանը:

Ելենա Արամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել