Փաստաբան Լուսինե Սահակյանը դրական է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանն այդպես էլ չի ունենում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք: Նրա համոզմամբ՝ 2012թ.-ից ԱԺ-ում շրջանառվող այս նոր օրենսգիրքն այնքան բացասական ինստիտուտներ ունի, որ անիմաստ են դառնում նախագծի առաջադեմ իրավակարգավորումները:
Տիկին Սահակյան, 2012թ.-ից շրջանառության մեջ է դրվել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը, բայց այդպես էլ այն չի ընդունվում: Ինչո՞վ եք Դուք պայմանավորում այս հանգամանքը:
2006թ. սկսվեցին աշխատանքներ իրականացվել Քրեական դատավարության նոր օրենսգրքի վրա: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր հանձնաժողովներ աշխատեցին սկզբում նախագծի վրա, հետո այն ընդհանրապես մի կողմ դրվեց: Սկսվեցին նոր հայեցակարգի, այնուհետև նախագծի պատրաստման աշխատանքները: Այս բոլոր փուլերում մենք արդեն իսկ ներկայացրել ենք մեր բազմաթիվ առաջարկները: Բազմիցս նշել ենք, որ այս օրենսգիրքը, չնայած ունի առաջադեմ ինստիտուտներ, բայց ընդհանրապես հաշվի չի առնվել ՀՀ-ում իրավիճակը և պրակտիկան:
Ուստի, եթե այն դրվի գործողության, ապա կունենանք շատ լուրջ խնդիրներ և մարդու իրավունքների շատ լուրջ խախտումներ: Բազմաթիվ ինստիտուտների մասին խոսվեց, մասնավորապես դեպոնացման մասին, որի շուրջ պայքարը գնում է: Մենք բազմիցս ասել ենք, որ այս օրենսգրքով չի լուծվել գլխավոր խնդիրը՝ ապահովել կողմերի հավասարությունը, որովհետև փաստաբաններն որքան քիչ գործիքներ ունեին աշխատելու համար, այդպես էլ դրանք մնացին, միայն ձևականորեն ինչ-որ բաներ ավելացան: Երբ մենք պահանջում էինք որոշակի իրավունքներ, հակառակ կողմից պայքար գնաց, դա էլ չստացվեց մտցնել, եղան ավելի վատ նորամուծություններ, օրինակ՝ ըստ նոր օրենսգրքի մեղադրյալը պատասխանատվության է ենթարկվելու սուտ ցուցմունք տալու համար: Սա շատ լուրջ խնդիր է, նորամուծության հեղինակները պնդում են՝ միայն այն, որ գործող օրենսգրքում կա նման հնարավորություն սուտ ասելու դատարանին, դա արդեն իսկ վարկաբեկում է դատարանը, նրանք ասում են, որ այս նորամուծությամբ մենք կբարձրացնենք այդ ապացույցի՝ մեղադրյալի ցուցմունքի նշանակությունը, որովհետև եթե այսօր նա կարող է սուտ ցուցմունք տալ, ըստ էության՝ նրա նշանակությունը նսեմացված է: Մենք գտնում ենք, որ այսօր գոյություն ունի ինստիտուտ, երբ որ անձիք նախազգուշացվում են սուտ ցուցմունք տալու համար, սակայն մենք միաժամանակ գիտենք, որ Հայաստանում համատարած սուտ ցուցմունք են տալիս դատարաններում, այսինքն՝ մենք չունենք սուտ ցուցմունք չտալու իրավական կուլտուրան, ինչը կա այլ երկրներում: Որպես օրինակ մենք բերում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), երբ տուժողները, օրինակ, ոստիկաններ են, վկաները նույնպես, և նրանք համատարած սուտ ցուցմունք են տալիս: Հայաստանում գոյություն ունի այդ մշակույթը, որ վկաները ու տուժողները սուտ ցուցմունք են տալիս, չնայած նրանք նախազգուշացվում են: Ավելին՝ պատկերացրեք իրավիճակ, երբ որ անձը, ոստիկանության բաժանմունքում, իբրև թե, բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, տվյալ պարագայում տուժողը և վկաները ոստիկաններ են, միակ ապացույցը, որ կարող է այդ անձը ներկայացնել, իր ցուցմունքն է: Այս պայմաններում անձը, պնդում է, որ իր նկատմամբ է բռնություն եղել, հայտնվում են տաս ոստիկան, որոնք հակառակն են պնդում, ու անձը դատապարտվում է ոչ միայն 316 հոդվածով, այլ նաև սուտ ցուցմունք տալու համար: Արդյունքում ստացվում է, որ լռելու իրավունքը ոչ թե դառնալու է իրավունք, այլ պարտականություն: Ցավոք սրտի, մենք չկարողացանք հասնել նրան, որ մեր առաջարկներն ընդունվեն:
Դա Ձեզ չհաջողվե՞ց նաև այս փուլում, երբ օրենսգիրքը ԱԺ-կառավարություն քննարկումների մեջ է:
Ճիշտն ասած՝ ինչ-որ մի փուլից մենք հասկացանք, որ այլևս օրենսգրքի համար պայքարելն անիմաստ է, որովհետև անկախ նրանից, թե ինչքան մենք առաջարկներ, փոփոխություններ ներկայացրեցինք միայն ձևական փոփոխություններից այն կողմ ոչինչ չընդունվեց: Վստահ եմ, որ այս փուլում էլ չի ընդունվելու: Ըստ իս՝ այս օրենսգիրքն ընդունվելու է այնպիսին, ինչպիսին, որ այն կա, միայն որոշ ձևական փոփոխություններով:
Ինչպես հասկացա Ձեր մեկնաբանություններից, ընդունվելու դեպքում այն խնդիրներ կառաջացնի փաստաբանների համար:
Իհարկե, սա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու, ընդ որում՝ իմ գործընկերների ոմանք ինչ-որ մի փուլից հայտարարեցին, որ եթե օրենսգրքի հեղինակները չեն պատկերացնում, թե ինչ վտանգներ է իր մեջ պարունակում այն, ապա թող գործի, տեսնեն հետևանքները, հասկանան՝ ինչի մասին է փաստաբանների մտահոգությունները, որովհետև հետո, միևնույն է, այն ենթարկվելու է փոփոխության: Ես դրա կողմնակիցը չեմ, մենք պայքարել ենք՝ հասկանալով, որ օրենսգիրքն ընդունվելուց հետո մինչև կլինեն փոփոխությունները ու մարդիկ կհասկանան, որ այն վատ հետևանքներ է առաջացնում, այս ընթացքում կհայտնվեն մարդիկ, ովքեր կտուժեն սխալ իրավական կարգավորման արդյունքում: Մենք չենք ուզում, որ մարդիկ տուժեն, հետո նոր հեղինակները հասկանան իրենց սխալները:
Այսինքն՝ ինչքան ուշ ընդունվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն, այնքան լա՞վ փաստաբանական համայնքի համար:
Միանշանակ, ես կարծում եմ, որ ինչքան ուշ ընդունվի նոր օրենսգիրքն, այնքան լավ, որովհետև գործողը, իր բազմաթիվ բացասական կողմերով, միևնույն է ավելի վատը չի, քան այն, որ շրջանառվում է: Քրդատ նոր օրենսգիրքը, թեև իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական նորմեր, միևնույն է ունի այնքան բացասական ինստիտուտներ, որ ավելի լավ է՝ ընդհանրապես այդ դրական փոփոխությունները չլինեն:
Գևորգ Թոսունյան