Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։
ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանել է ամուսիների կողմից ազգանվան ընտրության իրավունքը, ըստ որի ամուսինները ամուսնանալիս, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը: Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի: Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում: Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:
Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը:
Իսկ ինչ վերաբերվում է երեխայի ազգանվանը, ապա այն որոշվում է ծնողների ազգանունով։ Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, այդ դեպքում երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը: