Անասնապահությամբ զբաղվող 39-ամյա Արտակը առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 3 տարի 3 ամսվա ազատազրկման` բռնաբարության փորձ կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվել է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ: Մեղադրական դատավճռից տեղեկանում ենք, որ Անահիտ և Կարեն Մելքոնյան ամուսիններն իրենց երեխաների հետ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին ընտանիքով տեղափոխվել են Արագածոտն մարզի Լուսակն գյուղ, որպեսզի տեղի անասպահական ֆերմայում աշխատեն կինը որպես կթվորուհի, ամուսինը` անասնապահ:
Մինչ այդ ֆերմայում որպես անասնապահ աշխատել է ամբաստնյալ Արտակը, ով բնակվելիս է եղել ֆերմայի տարածքում գտնվող՝ իրենց սենյակի կողքի սենյակում: Հոկտեմբերի 28-ին Արտակն իր հեռանալու կապակցությամբ ժամը 17:00-ի սահմաններում ընթրիք է կազմակերպել, որին մասնակցել են նաև ամուսինները:
Իսկ արդեն ուշ երեկոյան, երբ ամուսինը դրսում է եղել, իսկ կինը երեխաներին քնեցրել է, ինքն էլ պատրաստվել է քնել, սենյակ է մտել հարբած Արտակն ու ասել, թե ինքը կին չունի և ցանկանում է Անահիտի հետ կենակցել: Մերժում ստանալուց հետո վառարանը խառնելու մետաղյա ձողով հարվածել է կնոջ ձախ ձեռքի մատներին, այնուհետև բռունցքով հարվածել է իր դեմքին: Այդ պահին սենյակ է մտել ամուսինը և Արտակին ծեծելով սենյակից դուրս հանել:
Մեղադրական դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյանում:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net