Ընդհանրապես, դատարանների անկախությունը պետք է դիտարկել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4–ի Եվրոպական կոնվենցիայով սահմանված` «օրենքի հիման վրա անկախ և անկողմնակալ դատարան»–ի համատեքստում։
Ստրասբուրգի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն սահմանված են (1) օրենքի հիման վրա ստեղծված (2) անկախ և (3) անկողմնակալ դատարանի ստորև ներկայացված չափանիշները.
(1) Դատարանը համարվում է օրենքի հիման վրա ստեղծված, եթե դրական պատասխան են ստանում հետևյալ հարցերը`
- արդյո՞ք ձևակերպված է օրենքի հիման վրա.
- արդյո՞ք դատարանի կազմը համապատասխանում է օրենքով ներկայացված պահանջներին.
- արդյո՞ք հարցը հանձնված է տվյալ դատարանի ընդդատությանը։
(2) Դատարանը համարվում է անկախ, եթե ապահովված է`
- դատարանի գործնական անկախությունը գործադիր իշխանության մարմիններից և գործով կողմերից.
- արտաքին ճնշումներից դատավորների պաշտպանության երաշխիքները.
- դատական իշխանության անկախության արտաքին դրսևորումների առկայությունը։
- դատավորների նշանակման կարգը, նրանց պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև նրանց պաշտոնավարման ընթացքում նրանց անփոփոխելիությունը։
(3) Դատարանը համարվում է անկողմնակալ հետևյալ մոտեցումների դիտանկյունից`
- սուբյեկտիվ մոտեցում` արդյո՞ք տվյալ դատավորը նախապես ունեցել է գործի առարկայի վերաբերյալ անձնական համոզմունք։
- օբյեկտիվ մոտեցում` արդյո՞ք առկա են եղել այդ հարցում ողջամիտ կասկածները բացառող բավարար երաշխիքներ։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան