«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին արձակված կրակոցները, որոնց հետևանքով սպանվեց երեք մարդ, վկայում է այն մասին, որ կազմակերպված հանցագործ խմբավորումների և հանցագործությունների դեմ պայքարն արդյունավետ չի կազմակերպվում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Էլ չեմ խոսում այն ենթադրությունների մասին, որ նման հանցագործ խմբավորումները կապ ունեն իշխանական տարբեր կառույցների հետ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ մեծ դեր են ունենում այդ խմբավորումները ընտրությունների ժամանակ` ցանկալի արդյունք ապահովելու համար»,- ասաց Ա. Իշխանյանը:
Նա հիշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, թե անպատժելիներ չեն լինելու և հորդորեց հենց նման բանդաներին զինաթափել, այլ ոչ քաղաքացիական ակտիվիստներին, երբ այս տարվա հունվարի 15-ին խաղաղ ակցիայի ժամանակ նրանց բերման էին ենթարկում` զենք կրելու կասկածանքով: