Բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը (ՍԴ) մարտի 3-ին գրավոր գրավոր ընթացակարգով քննել և որոշել է, որ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը հակասահմանադրական է:
ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդեվանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ դատարանը խնդրո առարկա կարգավորման վերլուծության արդյունքում արձանագրել է, որ մինչև վարչական դատավարության գործող օրենսգրքի ընդունումը նախկին օրենսգրքով Վճռաբեկ դատարան վճռաբեկ բողոքը միայն փաստաբանի միջոցով բերելու պարտադիր պահանջ առկա չէր, այսինքն նախատեսված էր վճռաբեկ բողոքն անմիջականորեն ներկայացնելու կարգ:
Մինչդեռ վիճարկվող դրույթը ոչ միայն սահմանում է վճռաբեկ բողոք բերելու միջնորդավորված կարգ, այլև բացառում է վճռաբեկ բողոքն անմիջականորեն բերելու հնարավորությունը: Դատարանը նշվածի կապակցությամբ սահմանել է, որ վիճարկվող դրույթով` միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու պահանջի ամրագրումը, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացմանը նպաստելու նպատակ հետապնդելով հանդերձ, փաստացի հանգեցրել է հենց այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը, անձի՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորության և դատարանի մատչելիության իրավունքի ոչ համարժեք սահմանափակմամբ:
ՍԴ-ը` Վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։