Գյումրու հանրակացարաններից մեկում բնակվող 33-ամյա Լուսինեն ամբաստանյալի աթոռին էր հայտնվել նույն հանրակացարանում բնակվող Նունեի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճի հետևանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Լուսինեն ընդհոնւր օգտագործման խոհանոցի լվացարանում կեղտոտ դույլ է դրել, Նունեն նկատողություն է արել դրա համար, սկսվել է վիճաբանությունը:
Լուսինեն իր սենյակից խոհանոցային դանակ է վերցրել ու սպառնացել, թե կսպանի: Նունեն սպառնալիքն իրական ընդունելով, փորձել է նրա ձեռքից վերցնել դանակն քաշքոց է սկսվել, որը դադարել է հանրակացարանի մեկ այլ բնակչուհու միջամտությունից հետո:
Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Դատավարության ընթացքում պարզվել է, որ կինը մեկ այլ անձին սպանելու սպառնալիքը հասցրել է անմեղունակ վիճակում:
Դատարանն ապացուցված է համարել Լուսինեի մեղավորությունը, սակայն հաշվի առնելով այն, որ նա ունի «չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն» (արտահայտված դեբիլություն), ազատել է քրեական պատասխանտվությունից և նա նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Ներկայումս Լուսինեն գտնվում է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն»-ում:
Առաջին ատյանի դատական ակտը հրապարակվել է այս տարվա փետրվարի 18-ին:
Հ.Գ. Անունները փոխված են:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net