Ե՞րբ կունենանք գործող պրոբացիոն ծառայություն

Արդարադատության նախարարությունը աշխատում է պրոբացիոն ծառայության վերաբերյալ հայեցակարգի մշակման և հաստատման ուղղությամբ: Այսօր Լիտվայի արդադատության նախարարի հետ ճեպազրույցի ընթաքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Իրավաբան.net-ի թղթակցի հարցին ի պատասխան նա հույս հայտնեց, որ առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի հայեցակարգը. «Հույս ունենք, որ հայեցակարգն առաջիկա շաբաթների ընթացքում արդեն պատրաստ կլինի՝ հաստատված վիճակում, որը հիմք կհանդիսանա օրենքների նախագծերի մշակման և հնարավորինս սեղմ ռեժիմով ԱԺ-ին ներկայացնելուն: Մեր հաշվարկներով, մեր ճանապարհային քարտեզով մենք պետք է 2016թ. հունվարին արդեն ունենանք կայացած կառույց»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ Պրոբացիան վերաբերում է հասարակության մեջ օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարմանը: Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն :

Հավելենք նաև, որ պրոբացիոն ծառայությունը հիմվում է արդարադատության նախարարության նորքո, սակայն լինելու է անկախ համակարգ: Նման ծառայություններ կան եվրոպական երկրներից 26-ում: Ծառայության հիմքում ընկած են 4 հիմնական բաղադրիչներ` հանցանք գործող անձի հետ տարվող աշխատանքներ մինչդատական փուլում, ազատազրկման փոխարեն, կալանավայրերում և ազատազրկումից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել