Մեղադրվում է իր 2 ընկերոջը սպանելու համար

32-ամյա Արմեն Սահակյանը մեղադրվում է իր երկու ընկերոջը սպանելու համար: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սպանության այս գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության, Արմենը ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգ հրազեն` պահունակով և 12 հատ 5,45մմ տրամաչափի փամփուշտներով: Ունեցել է կասկածներ, թե ինչ- որ անձիք ցանկանում են իրեն սպանել, հրազենը հաճախ կրել և պահել է իր գտնվելու վայրին մոտ տարածքում:

Իսկ 2013 թվականի 12-ին ընկեր Կարապետը հրավերել է «Արմաքս» ռեստորան` խնջույքի մասնակցելու: Մինչև ռեստորան մտնելը իր մոտ եղած զենքը պահել է ռեստորանից 50 մետր հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցի պարիսպների մոտ:

Ճաշկերույթին օգտագործած ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել ռեստորանից և մթության մեջ նկատել դեպի իր կողմը արագ քայլերով եկող երկու հոգու: Կարծելով, թե նրանք գալիս են իրեն վնասելու, վերցրել է ինքնաձիգն ու երկու անգամ կրակել է իրենց մոտեցող անձնաց: Կրակոցների հետևանքով տեղում մահացել է Կարապետը, իսկ նրա հետ քայլող Հմայակը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ուշքի չգալով, մահացել է:

Ամբաստանյալի հանդեպ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ամբաստնյալի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրա հանդեպ ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ինչն էլ դատարանի կողմից բավարարվել է: Այս պահին գործը ժամանակավոր դադարի մեջ է, փորձաքննության եազրակացությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Նշենք, որ հիշյալ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումից տեղեկանում ենք, որ Արմենը 2013 թվականի նոյեմբերի սկզբներին, գյուղում տարածված խոսակցություններից իմացել է, թե ցանկանում են սպանել իրեն, գիշերները սկսել է չքնել, «քնած ժամանակ էլ իրեն «հրեշտակները» արթնացրել են, իսկ ցերեկները տանից գրեթե դուրս չի եկել առանց «հրեշտակների» իմացության»: Մշտապես գտնվելով սարսափի, վախի և «ապագա զոհի» վիճակում, յուրաքանչյուր անձի, այդ թվում նաև մերձավոր ազգականների մեջ տեսել է մարդասպանի, խուսափել որևէ մեկի հետ հանդիպելուց, ինքն իրեն զգացել է հալածվողի և հետապնդվողի դերում:

Վախն ու կասկածներն ավելի են խորացել, երբ անհայտ անձինք կրակել են իր հարևանի տան վրա, իսկ հետո իր շանը ծեծել են,  ինչը կարող է հաստատել անասնաբույժը: Իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով էլ ինքն ինքնաձիգը հաճախակի կրել և պահել է իր գտնվելու վայրերին մոտ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրություն է ստացվել, որ նա գտնվում է հոգեբույժի հսկողության տակ, նրա մոտ ախտորոշվել է «անձի ցնորքային, զառանցանքային խանգարում», ստանում է համապատասխան բուժում հոգեբույժի մոտ:

Հ.Գ. Ամբաստնյալի և սպանվածների անունները փոխված են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել