1950 թվականի նոյեմբերի 4–ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի «անձի ազատության իրավունքը» վերտառությամբ 5–րդ հոդվածի մեկնաբանման արդյունքում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ձերբակալման օրինականության ապահովման հիմքում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը դրել է հետևյալ սկզբունքները.
1. Իրավունքի գերակայության ապահովման սկզբունքը, որի էությունը բնութագրվում է իրավաբանության հիմքում դրված այն ելակետային հիմնադրույթներով, որ դատական իշխանությունը պետք է երաշխավորի մարդու իրական ու գործադրելի, այլ ոչ թե պատրանքային ու վերացական իրավունքները (Տե՛ս Airey v. Ireland § 24, Artico v Italy § 33, Chuykina v. Ukraine § 50)։
2. Իրավական որոշակիության սկզբունքը, որի էությունը կայանում է նրանում, որ ազատության սահմանափակման պայմանը պետք է հստակ որոշված լինի ազգային օրենսդրությամբ, իրավակիրառ պրակտիկան լինի կանխատեսելի, որ պահպանվի Կոնվենցիայով ամրագրված «օրինականության» ստանդարտը, որի համաձայն բոլոր օրենքները պետք է լինել այնքան հստակ, որը թույլ կտա անձին ողջամիտ սահմաններում և որոշակի հանգամանքներում կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել կոնկրետ գործողությունների արդյունքում (Տե՛ս Del Rio Prada v. Spain [GC], § 125; Creanga v. Romania, § 120; Medvedyev and Others v. France [GC], § 80)։
3. Համաչափության սկզբունքը, որի էությունը կայանում է անձի նկատմամբ համաչափ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մեջ (հիմք ընդունելով հիմնավոր կասկածի չափանիշը)։
4. Կամայականությունից պաշտպանության սկզբունքը, որն հանդիսանում է Կոնվենցիայի 5–րդ հոդվածի հիմնական նպատակը (Տե՛ս Simons v. Belgium (dec.), § 32.)։ «Կամայականություն» եզրույթը Եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին մասի իմաստով ավելի լայն հասկացություն է, քան ուղղակի ազգային օրենսդրության չպահպանումը, այդ պատճառով ազատության սահմանափակումը կարող է համարվել օրինական ներպետական իրավունքով, բայց լինել կամայական Կոնվենցիայի իմաստով, ըստ այդմ խախտելով վերջինիս դրույթները (Տե՛ս Creanga v. Romania, § 84; A. and Others v. the United Kingdom [GC], § 164)։ ՄԻԵԴ–ը սահմանել է, որ «կամայականություն» կարող է տեղի ունենալ, եթե առկա է իշխանությունների կողմից դրսևորված անբարեխղճության կամ խաբեության հանգամանքը, եթե ազատության սահմանափակման մասին որոշումը չի համապատասխանում սահմանափակման թույլատրելի նպատակներին` ամրագրված Կոնվենցիայի 5–րդ հոդվածում (Տե՛ս James, Wells and Lee v. the United Kingdom, §§ 191-95; Saadi v. the United Kingdom [GC], §§ 68-74)։
Ի դեպ կամայական ձերբակալման արգելք նախատեսված է նաև Եվրոպական կոնվենցիայի հիմքում ընկած 1948թ–ի դեկտեմբերի 10–ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 9–րդ հոդվածում` «ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման»։
Հանրային թղթակից՝ Առնոլդ Վարդանյան