Ադրբեջանական զինված խումբը փորձել է ներթափանցել հայկական զինված ուժերի մարտական հենակետ, ինչի արդյունքում հայկական կողմը ունի երկու զոհ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Աղբյուրը փոխանցում է, որ 28.02.2015թ. ժամը 14։25-ի սահմաններում, ադրբեջանական զինված խումբը փորձել է ներթափանցել Հայաստանի N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու անձի սպանության դեպքի առթիվ: