Մինչ այժմ անհայտ է, թե Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովը ինչպե՟ս է ռուսական ռազմաբազայից գնացել Ավետիսյանների տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՝ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տնից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից:
Այս հարցերի պատասխանները պարզելու համար Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն անձամբ է գնացել Գյումրի և ուսումնասիրել դեպքի վայրը, դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպեսև բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Երեմ Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ ամփոփելով իր այդ ուսումնասիրությունների արդյունքները, փետրվարի 26-ին նախաքննական մարմին նոր միջնորդություն է ներկայացրել, որպեսզի քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով կատարեն մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Մասնավորապես, վերը նշված տարածքների ուսոումնասիրություններից ակնհայտ է եղել, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի դրանից, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն: Այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել ջուր խմելու համար, քանի որ մինչ այդ տուն հասնելը ողջ ճանապարհահատվածում կան բազմաթիվ այլ բնակելի տներ և մթերային կրպակներ:
Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում փաստաբանի կողմից հատուկ ուշադրության է արժանացել Ավետիսյանների տան անմիջապես դիմացը՝ երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին, և ուղիղ գծով շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական է այն, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս և Բայանդուր գյուղերով: Այսինքն, չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լիներ հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13կմ, իսկ մայրուղիով՝ մոտ 28 կմ:
Փաստաբանը նշում է նաև այն հետաքրքիր հանգամանքը, որ Երազգաորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել է Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից: Իսկ առավել մեծ ուշադրության է արժանի այն փաստը, որ թեև երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով:
Երեմ Սարգսյանի խոսքով, այս ամենից ելնելով կարելի է մի քանի վարկած առաջ քաշել, մասնավորապես այն, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և, հետևաբար, Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով հասնել նշված աշտարակի մոտ:
Վերը նշվածից ելնելով, հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև սույն քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով, միջնորդել է.
1. Ձեռնարկել անհրաժշետ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել, ոտքո՞վ է գնացել, թե՞ որևէ տրանսպորտային միջոցով:
-Այդ նպատակով ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում և ինչպես նաև հարցաքննել նրանց:
-Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև, թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից ում հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքեր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև ստուգել նրանց հնարվաոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
2.Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքե՟լ են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե՝ ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտեղ են գտնվել այդ ընթացքում և ինչ են արել, ինչպեսև ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործել է, թե` ոչ, եթե այո, ապա` ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյանների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգաորս և Բայանդուր գյուղերով /նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված/:
4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ. Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել հեռուստաընկերություններով, ուստի ձեռնարկել համապատասխան գործողություններ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և համապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղե՟լ է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվե՟լ է, թե՝ ոչ:
6.Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Միյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղե՟լ են, թե՝ ոչ: Նշվածը ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի:
Լուսանկարները՝ Երեմ Սարգսյանի
1-ին լուսանկարում երևում է նեղլիկ ճանապարհը, որը տանում է դեպի երկաթգիծը,
2-րդ լուսանկարում Բայանդուր գյուղի կենտրոնական ճանապարհն է, որի անմիջապես աջ կողմով անցնում է Գյումրիից Ավետիսյանների տան մոտով անցնող գնացքը,
3-րդ լուսանկարում Բայանդուր գյուղով անցնող երկաթգծից երևացող սահմանապահների աշտարակն է,
4-րդ և 5-րդ լուսանկարներում նույն աշտարակը և հարակից փշալարերն են, որոնց մոտ էլ հայտնաբերվել և ձերբակակվել է Պերմյակովը։