Ոստիկանները Հայկին ծեծել են ոստիկանական մեքենայում և բաժանմունքում. գործին դեռևս ընթացք չի տրվում

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական առաջին նիստի օրը 32-ամյա Հայկ Կյուրեղյանն իր բողոքն էր արտահայտել` ոստիկանների ուղղությամբ կրակոցներ է արձակելով, որից հետո նրանց բերման էին ենթարկել ոստիկանական բաժին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Հայկին ծեծել էին բերման ենթարկելու ժամանակ` ավտոմեքենայի մեջ, երբ նա ձեռնաշղթաներով է եղել, այնուհետև նաև ոստիկանության բաժանմունքում` երկու տարբեր սենյակներում:

Այս հանցագործության վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել` բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներովը: Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող և տվել ցուցմունքներ  սակայն գործով որևէ մեղադրյալ չի ներգրավվել, իսկ որոշ ժամանակ անց այն կարճվել է:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՀՔԾ կարճման որոշման դեմ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարան` պահանջելով վերացնել այդ որոշումը և կայացնել նոր դատական ակտ: Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է բողոքը, այժմ փաստաբանը նույն պահանջով դիմել է վերաքննիչ դատարան:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք կան բավարար ապացույցներ Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկելու վերաբերյալ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ թեև դատաբժիշկը ուշ է նրան զննել, այնուամենայնիվ, մարմնական վնասվածքները` այտուցներ, կապտուկներ, արյան զեղումներ, ֆիքսվել են: Հայկը նաև նկարագրել է սենյակները, որտեղ իրեն բռնության են ենթարկել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել