ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նպատակները, խնդիրներն ու առաջիկա անելիքները, Հայաստանում եւ արտերկրում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը, դրանց իրականացման գործում խորհրդարանականների մասնակցությանը վերաբերող հարցեր:
ԱԺ պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում ներկայացրել են առաջարկներ եւ բազմաթիվ հարցերի վերաբերյալ ստացել պատասխաններ:
Լուսանկարը՝ parliament.am-ի: