Ավետիսյանների գործի բացահայտման պահանջով ակտիվիստը պառկել էր Գլխավոր դատախազության դիմաց

Այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց: Ակցիան սակավամարդ էր. մասնակցում էին ընդամենը երեք ցուցարարներ: Նրանք պահանջում էին Գյումրիում հունվարի 12-ին հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

«Միանում եմ» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ իրենց առաջին պահանջն է Պերմյակովին հանձնել հայկական կողմին, հետաքննությունն ու դատավարությունն իրականացնել ՀՀ իրավապհների կողմից. «Գոնե մեզ մոտ կլինի դատավճիռը, հանրության մեծ մասն էլ գոնե վստահ կլինի, որ հայկական կողմն է դատում, որը հանցագործությունը իրականացվել է ՀՀ-ում: Ճիշտ է, ինչքան էլ հավատ չունենանք հայկական դատական համակարգի նկատմամբ, միևնույն է, ցանկալի է, որ այստեղ իրականացվի գործի քննությունը, քան ռուսական ռազմաբազայում, որ առ այսօր որևէ բանից տեղյակ չենք, բացի նրանից, որ ծարավ էր և ջուր էր ուզում»,- ասաց ակտիվիստը:

Իրավաբան.net կայքի հետ զրույցում նա նաև կարծիք հայտնեց ակցիայի սակավաթվության վերաբերյալ, Վաղինակ Շուշանյանը պնդեց, որ դա վախի մթնոլորտի հետևանք է. «Ցանկացած ակցիայի վերջում, եթե ոչ մեկը, ապա մի քանիսը բերման են ենթարկվում կամ էլ մի քանի ակտիվները ծեծվում են, դրա համար չեն գալիս մարդիկ»,- ասաց ցույցի մասնակիցը՝ հավելելով, որ եթե շատ լինեին, ապա կոչերով իրենց պահանջը կհասցնեին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Բողոքի ցույցի ընթացքում ակտիվիստներից մեկը՝ Վարդգես Գասպարին պառկել էր դատախազության դիմացի մայթին՝ այսկերպ արտահայտելով իր դժգոհությունը: Նա իր ձեռքում ուներ պաստառ, որի վրա մակագրված էր. «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյանների և գյումրեցիների խնդիրը չի….»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել