Բանակից զորացրելու համար կաշառք տալու և վերցնելու մեղադրանքով ամբաստնյալի աթոռին են հայտնվել զինվորական հոսպիտալի աշխատակիցն ու զինծառայողը:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հրայր Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հունվարին բաժանմունք ընդունված զինծառայող Դանիել Գալստյանին զորացրելու համար, ընդառաջելով նրա առաջարկին երեք փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող 6000 դոլարին համարժեք դրամ:
Իսկ ՊՆ N զորամասի դասակի հրամանատար Դանիել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայությունից զորացրվելու նպատակով Հրայր Մուրադյանին է փոխանցել վերոհիշյալ 6000 դոլար կաշառքը:
Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արտուշ Գաբրելյանի նախագահությամբ: Ի սկզբանե երկու ամբաստնյալների հանդեպ էլ, որպես խափանման միջոց, ընտրված է եղել կալանքը: Սակայն դատավարության ընթացքում նրանց պաշտապաններ` Հարություն Բաղդասարյանի և Արմեն Ֆերոյանի կողմից արված միջնորդությունները` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, դատարանը բավարարել է:
Դանիել Գալստյանը կալանքից ազատվել է 700 հազար դրամ գրավի դիմաց, իսկ Հրայր Մուրադյանը` 1 միլիոն դրամի:
Նշենք նաև, որ դատաքննություն ավարտվել է, սկսել է վիճաբանության փուլը, դատախազը կարդացել է մեղադրական ճառը և միջնորդել` Դանիելին դատապարտել 4 տարվա, իսկ Հրայրին` 8 տարվա ազատազրկման:
Հ.Գ. Ամբաստնյալների անունները փոխված են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: