Հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից Սյունիքի մարզի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ

2015 թվականի փետրվարի 24-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան մայրուղով ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենայում ուղևորուհին օգնություն է խնդրում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչ Ի.Բալասանյանը, նախապես հանցավոր համաձայնության գալով իր ընկերների հետ, ամուսնության նպատակով առևանգել է նույն մարզի 19-ամյա բնակչուհուն։  2015թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, նրան նստեցրել են Սյունիքի մարզի բնակիչ Ա.Հովհաննիսյանի անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Կապան քաղաք: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նույն օրը՝ ժամը 16:20-ին, ոստիկանության աշխատակիցների կողմից Կապան քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է նշված ավտոմեքենան և ուղևորների հետ միասին բերման ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին:

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 3 անձ ձերբակալվել է։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են համատեղ օպերատիվ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել