Յուրաքանչյուր ժամանակակից պետության քաղաքակրթության աստիճանը որոշվում է նրանում բնակվող մարդու իրավունքների պաշտպանվածությամբ: Թերևս, հենց սա է այն պատճառը, որ պետությունը պետք է գիտակցի և կարևորի մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը, որպես միջազգային իրավունքի հիմնարար և գերակա սկզբունք:
Այս սկզբունքին հետամուտ լինելով՝ ՀՀ Փաստաբանների պալատը իրականացրնում է մարզային փաստաբանական ինստիտուտի զարգացման քաղաքականությունը: Պալատի նախագահի մարզային խնդիրների համակարգման գծով տեղակալ Մելանյա Առուստամյանի փոխանցմամբ՝ այժմ հանրապետության տասը մարզերում էլ գործում են փաստաբանական, ինչպես նաև մարզային համակարգողի գրասենյակներ: Տիկին Առուստամյանը փոխանցեց, որ մարզերում գործող ընդհանուր փաստաբանների թիվը կազմում է 300:
«Որոշ մարզերում կայացել են ընտրություններ, որոշում էլ` նշանակումներ: Նշանակումներ արվել են այն մարզերում, որտեղ փաստաբանների քանակը չի գերազանցել 12-ը»,- նշեց մեր զրուցակիցը: Նա փոխանցմամբ՝ մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի կամ մարզային քաղաքների տարածքում գործող փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել պալատին։
«Փաստաբանների պալատի հնարավորությունները այնքան մեծ չեն, որպեսզի կարողանա բոլոր խնդիրները լուծել: Այս պահի դրությամբ հնարավորության սահմաններում մարզային փաստաբաններին մասնակից ենք դարձնում թրեյնինգներին, սեմինարներին: Նպատակը այն է, որ բոլոր փաստաբանները փորձեն մասնագիտորեն կատարելագործել իրենց գիտելիքները: Սակայն հաճախ փաստաբանները հնարավորություն չեն ունենում հասնել Երևան, այս պատճառով նրանց հնարավորություն է տրվել առցանց անցնել վերապատրաստումները» ,- նշեց տիկին Առուստամյանը:
Նա նաև ասաց, որ փաստաբանների պալատը շարունակում է ծրագրեր իրականացնել՝ մարզերում գործող փաստաբանների աշխատանքը բարելավվելու համար: Դրանցից մեկն էլ համակարգի երիտասարդացումն է՝ նոր երիտասարդ փաստաբաններին մարզեր ուղարկելով:
Գայանե Գևորգյան
Իրավաբան.net