Կառավարությունը քննարկում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2014թ. գործունեության հաշվետվությունները

Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Մինչ հաշվետվությունների քննարկմանն անցնելը վարչապետը նշել է, որ պետական կառավարման մարմինների գործունեության կատարողականների գնահատման մեթոդաբանությունը վերանայման կարիք ունի և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ մեթոդաբանության կատարելագործման խնդիրը քննարկել բոլոր գերատեսչությունների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների և Համաշխարհային բանկի փորձագետների հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարը ըստ ոլորտների ներկայացրել է 2014 թ. նախարարության գործունեության արդյունքները. շարունակվել են արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ հաստատված 8 ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված աշխատանքները: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 2.7 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ 25.2 տոկոս, զբոսաշրջության ոլորտում՝ 11.3 տոկոս: Որոշվել է համաշխարհային ՏՏ ոլորտի 2019 թ. համաժողովն անցկացնել Հայաստանում: Երևանում պաշտոնապես բացվել է զբոսավարների ուսումնական միջազգային կենտրոնը, որը աշխարհում գործող երեք կենտրոններից մեկն է և միակը տարածաշրջանում: 
Գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2015» զեկույցի տվյալներով Հայաստանը 4 տեղով բարելավել է իր դիրքը: Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո նախարարությունը քայլեր է ձեռնարկել արտաքին առևտրի ռեժիմները պահպանելու ուղղությամբ, և ՀՀ վարչապետի կողմից առաջադրված խնդիրը՝ հայաստանյան գործարարների համար վարչարարական խոչընդոտները հասցնել նվազագույնի, կատարվել է: Անդրադառնալով 2015 թ. անելիքներին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ շարունակել և ավելի ակտիվացնել արտահանման խթանման, ՏՏ ոլորտի զարգացման, ներդրումային և գործարար միջավայրի բարելավման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետը զեկուցել է, որ 2014 թ. գերակա խնդիրների կատարման նպատակով քաղավիացիայի գլխավոր վարչությունը միջոցառումներ է իրականացրել թռիչքների և ավիացիոն անվտանգության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, օդային փոխադրումների կարգավորման ուղղությամբ: 
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատանքներում արձանագրված թերացումների պատճառների, ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության արդյունքների և առկա խնդիրների մասին:
Ամփոփելով կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական գերատեսչությունների գործունեության հիմքում պետք է լինի հանրությանը տեսանելի, առարկայական արդյունքների ապահովումը, և պետական կառավարման մարմինների յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքը պետք է կազմակերպվի հենց այս սկզբունքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել